Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ը կշարունակի պայքարը Վճռաբեկ դատարանում


«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան, արխիվ
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը ևս որոշել է՝ «Հրապարակ»-ն ու «Իլուր»-ը պետք է բացահայտեն տեղեկատվության աղբյուրը։

«Հրապարակ»-ը իր պայքարը շարունակելու է նաև Վճռաբեկ դատարանում, «Ազատության» հետ զրույցում ասաց թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Իլուր»-ն ու «Հրապարակ»-ը, հիշեցնենք, տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի գիշերը Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կողմից բռնության են ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու իր եղբայրը: Ըստ հրապարակումների՝ ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ կանգնեցրել էր երիտասարդների վարած մեքենան, հանել ատրճանակը, կոթով հարվածել և սպառնացել մարզիկին ու նրա եղբորը։

Դատախազությունը քրեական գործ հարուցեց լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, սակայն այդ գործով ոչ ոքի մեղադրանք առաջադրվեց, իսկ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ դիմեց դատարան:

Ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրեց նշված երկու լրատվամիջոցներին բացահայտել իրենց հրապարակած տեղեկության աղբյուրը։ Երկու լրատվամիջոցներն էլ հայտնեցին, որ աղբյուրը չեն ցանկանում բացահայտել, ու Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկեցին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի պարտավորեցնող որոշումը: Սակայն Վերաքննիչ դատարանն էլ որոշեց, որ «Հրապարակ»-ն ու «Իլուր»-ը պետք է բացահայտեն տեղեկատվության աղբյուրը։

«Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը վերջին ատյանը չի լինի, որտեղ կշարունակվի մեր պայքարը: Մենք պետք է կարողանանք, ի վերջո, հասկացնել մեր իշխանություններին, մեր իրավապահ համակարգին, որ մամուլի նկատմամբ, ազատ խոսքի նկատմամբ ճնշումներ գործադրելու բոլոր մեթոդներն են արատավոր, այդ թվում նաև դատական ճանապարհով այսպիսի որոշում կայացնելը», - ասաց Օհանյանը։

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագրի խոսքով՝ Եվրադատարանի նախադեպերով հաստատված է, որ միայն ամենածայրահեղ դեպքերում կարելի է լրատվամիջոցին պարտադրել աղբյուրը բացահայտել, ընդ որում, դա լինում է խիստ ծանր հանցագործությունների, օրինակ՝ սպանությունների դեպքում։

«Իսկ ի՞նչ են արել մեր իրավապահները. ուրեմն՝ նախ ի սկզբանե ծանր հոդված են առաջադրել, որպեսզի կարողանան լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող այս ճնշումը մտցնել օրենքի այդ թույլատրելի դրույթի տակ՝ իբր ծանր հանցագործության բացահայտման անհրաժեշտությունից ելնելով են իրենք դիմում դատարան։ Եթե ճիշտ ճանապարհով գնար դատարանը, պետք է անպայման ապահովված լիներ մեր լրագրողների, մեր ՍՊԸ-ի ներկայացուցչի մասնակցությունը այդ դատավարությանը», - ասաց Արմինե Օհանյանը։

Նա հավելեց, որ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու դատարանի որոշմանը տեղեկացել են դատարանից ստացած ծրարով և ծանոթ չեն եղել նույնիսկ նախաքննության մարմնի բերած փաստարկներին։

«Գիտեք, բոլոր առումներով, որ կողմից նայում ես էս որոշմանը՝ ակնհայտ է դառնում, որ մամուլի նկատմամբ ընդամենը ճշման քայլ անելու խնդիր է դրված եղել։ Մի ժամանակ դուռը ծեծում էին, բռնություն էին կիրառում, ֆինանսական աղբյուրներն էին փորձում սահմանափակել, հիմա ավելի խորամանկ դրսևորումներ ենք մենք արձանագրում», - ասաց «Հրապարակ»-ի խմբագիրը՝ շարունակելով․ - «Սա ոչ միայն տվյալ լրատվամիջոցների դեմ ուղղված քայլ է, որովհետև, ի վերջո, մենք շատ բանի միջով ենք անցել, և սա չի կարող մեզ զսպել, սանձել հնարավոր չէ, բայց սա նաև ազդեցություն կթողնի հասարակության վրա։ Հաջորդ անգամ, երբ մարդն ունենա էքսկլյուզիվ տեղեկատվություն, արգելված տեղեկատվություն, որով գրեթե ամեն օր մեր քաղաքացիները, մեր ընթերցողները օժանդակում են, նա արդեն հազար անգամ կմտածի՝ արժե՞ արդյոք ինքը այդ ինֆորմացիան փոխանցի լրատվամիջոցին, թե՞՝ ոչ»։

Հարցին, թե իշխանությունները հոգեբանական ճնշման ճանապա՞րհն են ընտրել, Օհանյանը պատասխանեց. - «Այո, և՛ հոգեբանական ճնշման, և՛ մարդկանց աչքը վախեցնելու, և՛ ցույց տալու, որ դուք կհայտնվեք դատարանում: Փորձում են մեզ տանել դեպի մատնիչի՝ իր աղբյուրների, իրեն վստահող մարդկանց ծախողի իմիջ են փորձում նաև կպցնել։ Ի վերջո, մենք կարող ենք մեր վրա վերցնել էդ հարվածը, էդ ճնշումները, բայց հարվածի տակ դնել մեր ընթերցողների՞ն, մեզ հետ համագործակցող մարդկա՞նց նաև, որոնց շնորհիվ են շատ հոդվածներ ծնվում, ի վերջո․ շատ վատ ճանապարհ է սա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG