Մատչելիության հղումներ

Դատարանը պարտավորեցրել է բացահայտել տեղեկատվության աղբյուրը


«Հրապարակ» օրաթերթն ու «Իլուր» էլեկտրոնային կայքը որոշել են չբացահայտել մայիսի սկզբին հրապարակած տեղեկատվության աղբյուրն ու Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել են Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի պարտավորեցնող որոշումը:

«Նոր նախադեպ է ձևավորվում: Ակնհայտ է, որ սրանով փորձում են հասկացնել մամուլին, որ սահմաներիդ, չափիդ մեջ մնա, մի փորձիր լուսաբանել այն, ինչ թույլատրված չէ իշխանության կողմից և փորձիր բավարարվել միայն պաշտոնական լրատվության աղբյուրներով»,- փոխանցեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Օհանյանը կարծում է՝ լրատվամիջոցի վրա պետք չէ գցել քննություն չկատարելու մեղքը․- «Ես ենթադրում եմ, որ դա եղել է գլխավոր դատախազի առանձնասենյակում, որոշում է կայացվել, որ սա լավ առիթ է, որպեսզի ոչ միայն այդ միջադեպը փակեն, կոծկեն, այլ նաև լրատվամիջոցներին իրենց տեղը ցույց տան: Այս պահանջը չկատարելը նաև օրենքով նախատեսված պատժամիջոցներ է ենթադրում՝ ընդհուպ մինչև երկամսյա կալանք»:

«Իլուր»-ն ու «Հրապարակ»-ը տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի, լույս 8-ի գիշերը Գյումրիում բռնության է ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ եղբոր հետ: Բռնություն գործադրողը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն է եղել: Ըստ հրապարակումների՝ ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, կանգնեցրել է երիտասարդների վարած մեքենան: Ըստ «Իլուր»-ի վերջինների կայանումը դուր չի եկել, ըստ «Հրապարակ»-ի՝ հեռահար լույսով երթևելեկը, ապա խփել է ըմբիշին:

Սկզբում Հատուկ քննչական ծառայությունը նյութեր էր նախապատրաստել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, ապա ինչպես «Ազատությանը» տեղակացրեց ծառայության մամուլի խոսնակը, գլխավոր դատախազությունը որոշել է քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորությունները զենքով կամ հատուկ միջոցներով զուգորդված բռնություն գործադրելով անցնելու հոդվածով և ուղարկել այն ՀՔԾ քննության: Ընդ որում՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա հարուցված այդ գործով Շիրակի ոստիկանապետին մինչև հիմա մեղադրանք առաջադրված չէ:

Տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ դատարան էր դիմել ՀՔԾ-ն ու հաջողել: «Զանգվածային լրատվության մասին» օրենքը սահմանում է այն իրավիճակները, երբ դատարանը կարող է պարտադրել բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Օրենքը խոսում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, երբ հասարակության շահերի պաշտպանությունն ավելի կարևոր է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու շահագրգռվածությունը և երբ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:

«Հրապարակ»-ի խմբագիրն ասաց՝ իր քսան և ավելի տարիների լրագրողական փորձի ընթացքում դատական այդպիսի նախադեպ չի հիշում․- «Սա այն ծանր հանցագործությունը չէ, որ հարկավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով՝ սա մի միջադեպ էր, որի մասին գիտեր ողջ Գյումրին:

«Իլուր» կարծիքով նույնպես՝ եթե իրավապահներն իսկապես ցանկանային բացահայտել այս գործը, վաղուց արած կլինեին:

«Սակայն տվյալ դեպքում ՀՔԾ-ի գործողությունները ցույց են տալիս, որ նրանց խնդիրը ոչ թե հանցագործին, այլև հանցագործության մասին տեղեկատվությունը դուրս հանածին գտնելն է, տեղեկատվության աղբյուրի նկատմամբ վրեժխնդրությունը»,-գրում է էլեկտրոնային պարբերականը և տեղեկացնում, որ չի կարող հրապարակել տեղեկատվության իր աղբյուրի ով լինելը, բացառությամբ եթե վերջինը չցանկանա դա:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը կարծում է՝ դատախազությունն ի սկզբանե ուզում է գործը մտցնել փակուղի՝ արդարանալով, թե հնարվոր չեղավ բացահայտել:

«Այնպիսի խիտ գործակալական ցանց ունի Հայաստանի մենթապետությունը, որ իր համար հարց չէր բացահայտելը»,- ասաց Բարսեղյանը:

«Ասպարեզ» ակումբի էջում Բարսեղյանը գլխավոր դատախազին ուղղված գրառում է թողել՝ «աղբյուրը բացահայտում է իրեն, դա Հեղնար աղբյուրն է»:

«Կոստանյանը դիմելու է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը և սրանք գալու են այդ թերթերի խմբագրություններ և ինչ անե՞ն․․․ խմբագիրներին խոշտանգելու են, վախեցնելու են․․․ բայց արդյունքում աղբյուրը չի բացահայտվելու»,- ասաց Բարսեղյանը:

Փաստաբան Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ դատարանը ինֆորմացիայի աղբյուրի բացահայտման որոշում է կայացրել ընթացակարգային բազմաթիվ խախտումներով՝ պատասխանող կողմին անգամ դատարան չեն կանչել:

«Դատարանը ընդհանրապես պիտի վարույթ չպիտի ընդուներ նման միջնորդություն: Նման միջնորդության ընթացակարգ նախատեսված չէ Քրեական դատավարության օրենսգրքով»,- ասաց փաստաբանը:

Ի դեպ, Արմինե Օհանյանը տեղեկացրեց, որ ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու որոշումը ծրարով իրենք ոչ թե դատարանից, այլ ՀՔԾ-ից են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG