Հայաստանը այսօր նշում է Անկախության օրը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեն վճռական «այո» ասաց անկախությանը՝ ծնունդ տալով Հայաստանի Հանրապետությանը:
Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Տոնի առթիվ Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձներ է ստացել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեռնային Ղարաբաղի և մի շարք այլ երկրների առաջնորդներից։
Այսօր տոնական բազմատեսակ միջոցառումներ են նախատեսված ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: