Մատչելիության հղումներ

Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը դատապարտվեց «գոմեշի մսի» գործով


Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա դատավճռով դատապարտվեց ազատազրկման երեք տարի երեք ամիս ժամկետով: Միաժամանակ, դատարանը որոշեց դատավճիռը պայմանականորեն չկիրառել չորս տարվա փորձաշրջանով։

Ավելի վաղ այս գործով մեղադրողը պահանջել էր նախկին տնօրենին դատապարտել չորս տարվա ազատազրկման, դատավճիռը պայմանականորեն չկիրառել հինգ տարվա փորձաշրջանով։

Օհանջանյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն նույն քանակությամբ «Բրիկետ» տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս մատակարարելու մեջ։ Նա, ըստ մեղադրանքի, Պաշտպանության նախարարությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։

Օհանջանյանը դատարանում հայտարարել էր, որ շուրջ 17 տարի Պաշտպանության նախարարության մատակարարն է եղել և յուրաքանչյուր տարի կատարել է պայմանագրային պարտականությունները։

Նախքան դատավճիռը նախկին տնօրենը վնասը ամբողջովին վերականգնել է, այս գործով արագացված դատաքննություն է իրականացվել, Օհանջանյանն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել տեղի ունեցածի համար։

Հիշեցնենք՝ Զինված ուժերում կատարված չարաշահումների մասին դեռ երկու տարի առաջ խորհրդակցության ժամանակ խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը` հորդորելով իրավապահ մարմիններին չարաշահումների գործով բռնել «խոշորների գլխից»:

Անուշ Մարտիրոսյան

Առավել մանրամասն՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG