Մատչելիության հղումներ

Լեհաստանի փոխարտգործնախարար․ 2015-ին ԵՄ-ն ու Հայաստանը «ավելի մոտ կլինեն միմյանց»


Լեհաստանի փոխարտգործնախարար․ 2015-ին ԵՄ-ն ու Հայաստանը «ավելի մոտ կլինեն միմյանց»
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Թոմաշ Օրլովսկու խոսքով՝ եկող տարվա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը վկայում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը «կհասնեն ընդհանուր նպատակների»:

«Ազատության» հետ զրույցում Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին կարծիք հայտնեց, որ Արևելյան գործընկերության գալիք տարվա՝ Ռիգայի գագաթնաժողովում Բրյուսելն ու Երևանը «կհասնեն ընդհանուր նպատակների»:

Հատկանշական է, որ Երևանը Լեհաստանի նորանշանակ փոխարտգործնախարարի արտերկրյա այցելության առաջին վայրն էր: Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել «Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ»:

«Ազատության» հարցին, թե հնարավոր համարում է, որ առաջիկայում Հայաստանն ու Եվրամիությանը ավելի մոտ լինեն միմյանց, Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին պատասխանեց․ - «Իհարկե, այո՛: Շատ առումներով դա կախված է այն ճանապարհից, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները: Ես կասեի, որ դա կախված է այն հարցից, թե որքան արագ Հայաստանը կնախապատրաստի նոր պայմանագիրը ու կներկայացնի Եվրամիությանը, թե որքան խորը այդ պայմանագիրը կլինի: Չնայած դեռ վաղ է խոսել այդ մասին, կան շատ օբյեկտիվ գործոններ, սակայն, ամեն դեպքում, մենք համոզված ենք, որ մյուս տարի մենք՝ Հայաստանն ու Եվրոպան, ավելի մոտ կլինենք միմյանց»:

Օգոստոսի 30-ին Լեհաստանի այլևս նախկին վարչապետ Տուսկը ընտրվեց Եվրամիության նոր նախագահ և դեկտեմբերի 1-ին նա կփոխարինի Հերման Վան Ռոմպոյին:

Դիտարկմանը, թե կարելի՞ է արդյոք ասել, որ ԵՄ նախագահի պաշտոնում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ընտրվելը դրական ազդեցություն կունենա Բրյուսել-Երևան հարաբերությունների վրա, Օրլովսկին արձագանքեց․ - «Դոնալդ Տուսկը առաջադրվել է Եվրամիության նախագահի պաշտոնում: Նա չի ներկայացնելու Լեհաստանը, նա չի լինելու լեհական շահերի ներկայացուցիչը Եվրոպական խորհրդում: Սակայն փաստը, որ Եվրամիության անդամ 28 պետությունների ղեկավարները որոշեցին Լեհաստանի վարչապետին առաջադրել [Եվրամիության նախագահի պաշտոնում], սա Եվրոպայի հստակ ուղերձն է այն մասին, որ ավելի զգայուն է արևելաեվրոպական հարցերի նկատմամբ»:

«Գիտեք, մյուս տարի մենք նոր հանդիպում ունենք Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում: Չեմ կարող ասել, թե այդ գագաթնաժողովն ի՞նչ արդյունքներ կունենա, բայց եթե մենք նախապատրաստում ենք մի նոր հանդիպում, հստակ է, որ մենք՝ Հայաստանն ու Եվրամիությունը կհասնենք ընդհանուր նպատակների»:

Հայաստանը ցանկանում է մոտենալ Եվրոպային իր ուրույն ճանապարհով

Ըստ Օրլովսկու, անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիությունում եկան այն մտքին, որ «ավելի լավ կլինի դեպի յուրաքանչյուր երկիր տանող ճանապարհը և ընթացքի արագությունը որոշել՝ հաշվի առնելով տվյալ երկրի ընտրությունը»:

«Եթե օբյեկտիվ պատճառներից ելնելով Հայաստանը ընտրում է իր ուղին, մենք հարգում ենք այդ ընտրությունը, և քանի որ Հայաստանի իշխանությունները վերստին հավաստիացրել են մեզ, որ շահագրգռված են մոտենալ Եվրոպային իրենց ուրույն ճանապարհով, մենք ընդունում ենք դա», - ասաց Լեհաստանի փոխարտգործնախարարը:

Լեհաստանի փոխարտգործնախարարի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը
Լեհաստանի փոխարտգործնախարարի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը

​Ամփոփելով երևանյան քննարկումները՝ Օրլովսկին եզրափակեց․ - «Ինձ հավաստիացրեցին, որ նույն գիծը ուժի մեջ է: Հայաստանը շարունակում է շահագրգռված լինել՝ դեպի Եվրոպա տանող իր ուրույն ճանապարհը գտնելու առումով: Ճիշտ է, անցյալում մենք ավելի հետաքրքրված էինք ընդհանուր մի ճանապարհով, սակայն այժմ՝ մեկ տարի անց, մենք հասկացանք, որ մենք պետք է հաշվի առնենք յուրաքանչյուր երկրի առանձնահատուկ իրավիճակը»:

XS
SM
MD
LG