Մատչելիության հղումներ

Դատարանն անմեղ ճանաչեց ընդդիմադիր ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին


Ընդդիմադիր ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանը դատարանի դահլիճում, արխիվ
Ընդդիմադիր ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանը դատարանի դահլիճում, արխիվ

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ապացույցների անբավարարության հիմքով անմեղ ճանաչեց ընդդիմադիր ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին։

Հիշեցնենք՝ Գևորգյանը կալանավորվել էր 2008 թվականի հունիսին` մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ, և 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու և պահելու մեղադրանքով: 2010 թվականին Գևորգյանը համաներմամբ ազատ էր արձակվել, այնուհետև նրան փորձել են մեղադրանք առաջադրել մարտի 1-ի տասը սպանություններից որևէ մեկի կապակցությամբ։ Սակայն նա, իր պնդմամբ՝ բռնությունների ենթարկվելուց, մասնավորապես՝ ոստիկանությունում ոտքը շիկացած երկաթով այրելուց հետո, մեղադրվել է 7 դրվագով գողության մեջ. մինչ այժմ նրա ոտքին սպին կա։

Գևորգյանի ընտանիքի անդամները համոզմունք են հայտնում, որ իրենց որդուն առաջադրված մեղադրանքները կապված են 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի հետ, ընդգծելով, որ հետապնդումները Գևորգյանի նկատմամբ չեն դադարել։

Սակայն դատավարության ժամանակ գործով տուժողները հրաժարվել են պնդել, որ Ֆելիքս Գևորգյանը որևէ առնչություն ունի այս գողության հետ։

Գևորգյանի փաստաբանի խոսքով՝ հիմա Եվրոպական դատարան դիմում է պատրաստվում Ֆելիքս Գևորգյանին ոստիկանությունում բռնության ենթարկելու փաստով։

Ֆելիքս Գևորգյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի նախընտրական շտաբի պետ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի որդին է:

Անուշ Մարտիրոսյան

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG