Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն» կառույցը` համաշխարհային սպառնալիք


«Իսլամական պետություն» կառույցը` համաշխարհային սպառնալիք
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Միջազգային համայնքը միացյալ ճակատով պայքարելու է իսլամիստ ահաբեկիչների դեմ։

Այսօր Փարիզում երեք տասնյակ երկրներ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, գումարել են խորհրդաժողով, որի օրակարգում հետզհետե առավել ագրեսիվ, բիրտ և լկտի գործող «Իսլամական պետություն» անվամբ զինված կառույցի դեմ համատեղ պայքարն է։

Բացելով խորհրդաժողովը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ զինված կառույցը լայնածավալ գործողություններ է իրականացնում Իրաքի և Սիրիայի տարածքում։

«Այս ահաբեկչական կազմակերպությունը սահմաններ չի ճանաչում և մտադիր է ստեղծել պետություն։ Դա համաշխարհային սպառնալիք է, ուստի համաշխարհային արձագանք է պահանջում»,- ասել է Օլանդը։

«Իսլամական պետություն» կառույցի զինյալները վերջերս գլխատել են երկու ամերիկացի լրագրողի, իսկ այդօրինակ անմարդկային հանցանքի վերջին զոհը բրիտանական բարեգործական կազմակերպության աշխատակից Դեյվիդ Հեյնսն է դարձել։

«Դեյվիդ Հեյնսի ստոր սպանությունը նշված սպառնալիքի սարսափելի օրինակն է, այդ զինյալները գլխատել են լրագրողների, բարեգործական կազմակերպության ներկայացուցչի, նրանք այդպիսի արարքներ են կատարել շարքային բնակիչների նկատմամբ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Իրաքի նախագահ Ֆաուդ Մասումը Փարիզում ասել է, որ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում անհրաժեշտ են արագ և արմատական միջոցներ։

«Մենք խնդրում ենք ձեզ օդային հարվածների ենթարկել զինյալների դիրքերն Իրաքի տարածքում, փակել ահաբեկիչների ֆինանսավորման բոլոր հնարավոր խողովակները, ընդունել օրենքներ, որոնք կխափանեն «Իսլամական պետության» շարքերի համալրումն արտասահմանից»,- ասել է Իրաքի նախագահը։

Նա «Իսլամական պետություն» կառույցն անվանել է «գանգստերների խումբ, որն էթնիկ և կրոնական մաքրազտումների կարգախոսների ներքո ցեղասպանություն և մարդկայնության դեմ հանցագործություններ է կատարում»։

Ֆրանսիայի մարտական ինքաթիռներն այսօրվանից հետախուզական թռիչքներ են կատարում Իրաքի օդային տարածքում։

Խորհրդաժողովի մասնակիցներից Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Փարիզ մեկնելուց առաջ «Իսլամական պետության» զինյալների դեմ համատեղ ջանքերով պայքարելու հարցը քննարկել է Արաբական ծոցի տասը երկրների ղեկավարների հետ։

Բրիտանացիները նույնպես հետախուզական թռիչքներ է սկսել։

«Իսլամը խաղաղության կրոն է, նրանք հրեշներ են, այլ ոչ թե մահմեդականներ»,- ասել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ արձագանքելով Դեյվիդ Հեյնսի դաժան սպանությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դեռ սեպտեմբերի 10-ին է հայտնել, որ Վաշինգտոնը ռմբահարելու է «Իսլամական պետության» զինյալների դիրքերն, ընդ որում ոչ միայն Իրաքի, այլև Սիրիայի տարածքում։

Պետքարտուղար Քերրին նշել է, որ ամերիկացիները մտադիր չեն իրենց գործողությունները համաձայնեցնել Դամասկոսի հետ։

XS
SM
MD
LG