Մատչելիության հղումներ

Ագարակի քաղաքապետը պնդում է, որ սյունեցիները դեմ չեն Սուրիկ Խաչատրյանի վերադարձին


Ագարակի քաղաքապետը պնդում է, որ սյունեցիները դեմ չեն Սուրիկ Խաչատրյանի վերադարձին
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00

Գորիսեցի լրագրող Հասմիկ Բաբաջանյանը հակառակն է պնդում։

Մինչ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշում է, որ բոլորովին էլ դեմ չէր լինի մարզպետի պաշտոնում կրկին նշանակվել, Սյունիքի լրատվամիջոցներից մեկում հայտնվում են հայտարարություններ այն մասին, որ սյունեցիները ամենևին էլ դեմ չեն, որ Սուրիկ Խաչատրյանը վերադառնա նախկին պաշտոնին։

Հայտարարություն կամ բաց նամակ գրողներից մեկը Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է, ում, մասնավորապես, զայրացրել է, որ լրատվամիջոցներում շատերն այնպես են գրում կարծես սյունեցիները դեմ են Սուրիկ Խաչատրյանին։ Ամենևին էլ այդպես չէ, պնդում է Մխիթար Զաքարյանը՝ ավելացնելով, որ գրում է հազարավոր սյունեցիների ու հատկապես Մեղրու տարածաշրջանի բնակիչների կարծիքը։ Հանրապետական քաղաքապետը «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց իր դիրքորոշումը։

«Ես ավագանու հետ էլ եմ խորհրդակցել, հիմնարկ-ձեռնարկությունների ակտիվ մասսայի հետ, արհմիության ժողովին եմ մասնակցել և հարցրել եմ ուղղակի՝ «դուք ո՞նց եք գտնում, մարդիկ մեր փոխարեն կարծիք են ասում, որ ողջ Սյունիքի ժողովուրդը չի ուզում»... հավատացեք, ես էդպիսի մարդ չեմ տեսել, որ բացասական կարտահայտվի»,- ասաց Ագարակի քաղաքապետը։

Սյունիքը արդեն մեկ շաբաթից ավելի է ղեկավար չունի: Մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին հաջորդած Վահե Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա հայտարարել է, որ պաշտոնից հրաժարվել է` կատարելով քաղաքական իշխանության որոշումը:

Ագարակի քաղաքապետը պնդում է՝ ակտիվ են նրանք, ովքեր դեմ են Խաչատրյանի վերադաձին, իսկ մեծամասնությունը պասիվ է իր կարծիքը բարձրաձայնելու գործում։ Իսկ հարցին, թե արդյոք մարզի բնակիչները նորմալ կհամարե՞ն, որ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած սպանությունից հետո նա վերադառնա նախկին պաշտոնին, քաղաքապետն ասաց, որ եթե Սուրիկ Խաչատրյանը առնչություն ունենար Ավետիք Բուդաղյանի սպանության հետ, ապա հիմա ազատության մեջ չէր լինի։

«Մեր իրավապահ մարմինները, դատական համակարգը բավականին կայացած է... բավականին չէ, լավ կայացած է, և էդ խնդիրները այդ համակարգերում պետք է լուծվեն»,- ասաց Զաքարյանը։

Իսկ հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն պնդումները, որ Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի պատճառով վախի մթնոլորտ է տիրում, Մխիթար Զաքարյանը վստահեցրեց, որ իրեն ճանաչողները գիտեն՝ ինքը ոչ մեկից էլ չի վախենում. - «Իսկ ովքեր, որ վախենում են [Խաչատրյանից], իրենց խնդիրն է։ Եթե վախենում են, ուրեմն վախենալու բան ունեն։ Իրականում էդ վախի մթնոլորտը չափազանցված է... ամեն մի գործիչ իր ոճը ունի»։ .

Քաղաքապետն ավելացրեց, որ Խաչատրյանը խիստ էր, «կտրուկ գործել» էր սիրում։ Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս էր պատժում նախկին մարզպետը, երբ իր հանձնարարությունները չէին կատարվում.- «Եթե նկատի ունեք ծեծը, ջարդը, ես տեղյակ չեմ էդպիսի բաներից, իսկ աշխատանքից հեռացնելը կամ նկատողությունը՝ բազմիցս ականատես եմ եղել»։

Մարզի մյուս քաղաքների քաղաքապետերից հաջողվեց կապվել նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ։ Հարցին, թե կցանկանա՞ր Սուրիկ Խաչատրյանին տեսնել մարզպետի պաշտոնում, պատասխանեց, որ եթե իր ցանկանալով լիներ, ապա հենց իրեն կցանկանար տեսնել այդ պաշտոնում։ Իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ասաց, որ իր համար ընդունելի կլինի ցանկացած թեկնածու, ում կընտրեն ու կնշանակեն կառավարությունն ու հանրապետության նախագահը։

Զրուցեցինք նաև ծագումով գորիսեցի, լրագրող Հասմիկ Բաբաջանյանի հետ, ով համաձայն չէ Ագարակի քաղաքապետի այն պնդմանը, թե Սյունիքում բնակչության մեծամասնությունը ցանկանում է, որ Խաչատրյանը կրկին դառնա մարզպետ։

«Հետո ես գորիսեցիների երեսին եմ նայելու, էն մարդկանց եմ նայելու, որոնց հետ շփվում եմ։ Ժողովուրդը միաժամանակ չի ուզում, որ ինքը վերադառնա, որովհետև մի 10 տոկոս պաշտոնյաների համար, որոնց ինքը նշանակել է, այնտեղ շատ լավ է, իսկ ժողովրդի մեծ մասը ոչ աշխատանք ունի, սոված՝ իրենց տանը, վախենում են, իրենց համար թաքնված ապրում են։ Ի՞նչ պիտի խոսեն իրենք... պիտի դուրս գան, ինչ-որ բան ասե՞ն։ Ոչ մի բան չեն ասի»,- ասաց Բաբաջանյանը։

Երբ Երևանից Գորիս եմ գնում, տաքսիում խոսակցության թեման Սուրիկ Խաչատրյանն է, բայց մեքենայից դուրս ոչ ոք նրա մասին չի խոսում, պատմում է լրագրողը.- «Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ մարդիկ անկաշկանդ խոսում են»։

Հասմիկ Բաբաջանյանն ասում է, թե չի կարող պատկերացնել, որ հանրապետության նախագահը կարող է Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակել։

«Ոչ մեկը չէր պատկերացնում, որ ինքը Բուդաղյանների դեպքից դուրս կպրծներ, ու էդքանից հետո էդ նույն մարդը՝ մարզպե՞տ։ Մարդիկ չեն մոռանում դա, մի տեսակ ոնց որ վերքի վրա աղ լցնել է դա»,- ասաց լրագրողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG