Մատչելիության հղումներ

Վահե Հակոբյանը կատարել է քաղաքական իշխանության որոշումը


Վահե Հակոբյանը կատարել է քաղաքական իշխանության որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այսօր խոստովանեց, որ այդ պաշտոնից հրաժարվել է` կատարելով քաղաքական իշխանության որոշումը:

«Մենք քաղաքական թիմ ենք, և, քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը որոշում կայացրեց, որ պետք է ես պարտականությունները իմ շարունակեմ Ջրային պետական կոմիտեում», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանը:

Վահե Հակոբյանի այս խոստովանությունն ուշագրավ է այն պատճառով, որ ճիշտ մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ Հակոբյանը թողնում է Սյունիքի մարզպետի աթոռը՝ սեփական դիմումի համաձայն: Նույն նիստում էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հակոբյանին նշանակում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Միլիարդատեր Վահե Հակոբյանի կողմից Սյունիքի մարզպետի պաշտոնը թողնելը անակնկալ էր: Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին, ով նաև ունի հավատարմագրային կառավարման հանձնած բիզնեսներ, մեկ տարուց փոքր-ինչ ավելի զբաղեցրեց այդ պաշտոնը:

Սյունիքը գրեթե տասը տարի՝ 2004 թվականից, ղեկավարած նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան տան մոտ անցած հունիսին տեղի ունեցած ողբերգությունից և մարզպետի պաշտոնից Խաչատրյանի հրաժարվելուց հետո, 2013-ի հուլիսին Վահե Հակոբյանը նշանակվեց Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ մարզի ղեկավար:

Ոչ պակաս ուշագրավ հանգամանք է այն, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզը ղեկավար չունի: Նախկինում, երբ կառավարության նիստում հայտարարվում էր որևէ մարզպետի հրաժարականի մասին, սովորաբար նույն նիստում էլ նշվում էր հաջորդ մարզպետի անունը: Սակայն գործադիրի ո՛չ սեպտեմբերի 4-ի, ո՛չ էլ այսօրվա նիստերում Սյունիքի նոր մարզպետի անունը չնշվեց:

Սպասվում էր, որ նոր մարզպետի անունը հայտնի կդառնա շաբաթ օրը, երբ կայացան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև՝ խորհրդի նիստերը, սակայն՝ ապարդյուն:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով ՀՀԿ խորհրդի անդամ է և այդ օրը նույնպես ներկա էր կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցած նիստերին, լրագրողներին փոխանցեց, թե ամենևին էլ դեմ չէ Սյունիքը կրկին ղեկավարելուն:

«Ինձ նման բան ոչ մեկը չի առաջարկել, բայց դա ձեր բնավորությունն ա, էս մի տարի ա, որտեղ պաշտոն ազատվեց, ինձ ուղարկեցիք էդտեղ: Բայց եթե առաջարկեն, խի՞ չեմ ցանկանա», - ասել էր Սուրիկ Խաչատրյանը:

Թե ով կլինի Սյունիքի մարզպետ, այսօր Վահե Հակոբյանն ասաց, որ չի ուզում անուններ տալ․ - «Չեմ ուզում անուններ տալ, դա իմ որոշման տիրույթից դուրս է»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ըստ տեղեկության՝ իշխանությունը դժգոհ է եղել Սյունիքի մարզպետի պաշտոնում Վահե Հակոբյանի աշխատանքից, քանի որ մարզում սկսել է ուժեղանալ ԲՀԿ-ը, նախկին մարզպետը արձագանքեց․ - «Համենայնդեպս, մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները տարածաշրջանում, բնականաբար, որոշ աշխատանքներ ստացվել են, որոշ աշխատանքներ չեն ստացվել, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով , բայց նվիրումով և սիրով կատարել ենք»:

Հարցն այն մասին, թե ինչո՞ւ կառավարությունը որոշեց, որ ինքը պետք է Ջրային տնտեսությունը գլխավորի Հակոբյանն անպատասխան թողեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG