Մատչելիության հղումներ

Համապետական հանրահավաքի օրը քառյակը կհրապարակի սեպտեմբերի 17-ին


«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, արխիվ:
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, արխիվ:

Ոչ իշխանական ուժերն այսօր մոտ երկու ժամ տևած նիստից հետո այդպես էլ չհրապարակեցին Ազատության հրապարակում նախատեսած հանրահավաքի օրը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե «հարցը տեխնիկական է», և քառյակը հանրահավաքի օրը կհրապարակի սեպտեմբերի 17-ին կայանալիք նիստից հետո: Այդ օրը նաև կհստակեցվի, թե ինչ օրակարգով են ոչ իշխանական ուժերը հրավիրում համապետական այդ հանրահավաքը:

Հարցին, թե հնարավոր է, որ հանրահավաքի օրակարգ մտնի նաև իշխանափոխության հարցը, Հակոբյանն արձագանքեց․ - «Շատ-շատ բան է հնարավոր: Բայց որովհետև 4-5 օր է մնացել, այդ օրը մենք մանրամասն կանդրադառնանք դրան»:

«Որոշվեց, որ պետք է այդ համապետական հավաքին նախորդեն մարզային այցելություններ, որոնք պետք է նախապատրաստեն համապետական հանրահավաքը: Թե ինչ գրաֆիկով, որտեղ ու երբ կլինի քառյակը, կհայտարարվի նույնպես սեպտեմբերի 17-ի նիստից հետո», - հավելեց նա:

Հանրահավաքին Դաշնակցության մասնակցության մասին հարցին Հակոբյանը պատասխանեց, թե այդ մասին նույնպես կհայտարարեն սեպտեմբերի 17-ին՝ հավելելով․ - «Դաշնակցության խնդիր չկա: Տեխնիկական հարցերից ելնելով՝ որոշ քննարկումների անհրաժեշտություն կա, մի քանի օրով հետաձգել ենք հանրահավաքի օրվա հայտարարության հարցը»:

Հարկ է նշել, որ առայժմ հստակ չէ հոկտեմբերի սկզբին նախատեսված հանրահավաքին ոչ իշխանական ուժերը կմասնակցեն քառյակի՞, թե՞ եռյակի ձևաչափով: Պատճառը սահմանադրական բարեփոխումների շուրջ տարաձայնություններն են․ ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը կտրականապես դեմ են նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Քաղաքական այս ուժերի համոզմամբ, քողարկվելով բարեփոխումներով՝ իշխող ՀՀԿ-ն ընդամենը իր վերարտադրման հարցն է լուծում:

Դաշնակցությունը, մինչդեռ, կողմ է սահմանադրական փոփոխություններին՝ ընդգծելով, որ եթե իրենց առաջարկությունները ընդունվեն, ապա ամեն բան կանեն, որպեսզի սահմանադրական հանրաքվեն տեղի ունենա:

ՀՅԴ-ն համարում է, որ Սահմանադրության բարեփոխումը երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու լավագույն միջոցներից է: Ուստի կուսակցությունը հստակորեն հայտարարել է՝ մենք չենք կարող մասնակցել ոչ իշխանական ուժերի մարզային այցելություններին, նաև հոկտեմբերին նախատեսված հանրահավաքին՝ եթե այնտեղ քառյակի մյուս ուժերը դեմ արտահայտվեն սահմանադրական բարեփոխումներին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, այդուհանդերձ, վստահեցնում է, թե չկա որևէ հարց, որը կարող է պառակտել քառյակը․ - «Մեր մոտեցումը շատ հստակ է․ քառյակը միշտ միասնական դիրքորոշում է ունենում այն դեպքում, եթե կոնսենսուսով, համախոհությամբ որևէ հարց՝ լինի կարևոր, շատ կարևոր, այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումները, դառնում են կոնսենսուսով ընդունված: Այս պահին չեմ կարող ասել, որ դա կոնսենսուսով ընդունված է, բայց նաև չեմ կարող ժխտել, որ վաղը-մյուս օրը քառյակը կարող է ունենալ այս հարցով միասնական դիրքորոշում»:

Ռուբեն Հակոբյանը նշեց, թե «Ժառանգություն»-ը նույնպես դեմ չէ սահմանադրական բարեփոխումներին, կողմ է երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն իրենց չեն համոզում իշխանության պնդումները, թե այդ բարեփոխումներով կարելի է լուծել երկրում ստեղծված խնդիրները․ - «Սահմանադրության նորմերը այսօր չեն իրականացվում: Երկրորդ նորմը, կետը՝ որ ժողովուրդը ձևավորում է իշխանությունը․․․ չեմ կարծում, թե որևէ մեկին պետք է բացատրենք, որ կեղծվում են ընտրությունները: Կամ 65-րդ հոդվածը, որտեղ իմպերատիվ նշված է, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ մարմին է, և պատգամավորները պարտավոր են զբաղվել միայն պառլամենտական գործունեությամբ»:

«Կա հստակ քաղաքական ճգնաժամ: Այդ ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ Սահմանադրությունը չի գործում», - եզրափակեց ընդդիմադիր գործիչը:

XS
SM
MD
LG