Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների պնդմամբ՝ գազային պայմանագիրն ապօրինի էր


Ընդդիմադիրների պնդմամբ՝ գազային պայմանագիրն ապօրինի էր
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Պատգամավորները, սակայն, չեն կարծում, թե իշխանությունը կխոստովանի, որ 300 միլիոն դոլարի պարտքը կարող էր չկուտակվել:

Ազգային ժողովի գազային հանձնաժողովի ընդդիմադիր անդամները, բարձրաձայնում են, որ աշխատանքային անցած ամիսների ընթացքում ջրի երես են դուրս եկել մի շարք լրացուցիչ փաստեր, որոնք վկայում են, որ ապօրինի էր թե 300 միլիոն դոլար պարտքի կուտակումը, և թե դրա դիմաց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի վերջին 20 տոկոս բաժնեմասի հանձնումը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար, հանձնաժողովի անդամ Ռուբիկ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իշխանությունները չեն կարողանալու հակառակն ապացուցել:

«Ինձ համար ամեն ինչ պարզ է: 300 միլիոն դոլարի պարտքը հակաօրինական, հակասահմանադրական է եղել, ինչպես նաև՝ 20 տոկոս մեր բաժնեմասը առանց աճուրդի է վաճառվել: Գուցե ապացուցեն, որ էդպես չէ, բայց օրենքների հետ գործ ունեցող մարդիկ, ովքեր որ գիտեն՝ ինչը ինչպես է կատարվում․․․ Ինձ համար արդեն կա գնահատական», - ասաց Հակոբյանը:

Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով էլ, հանձնաժողովում փաստաթղթային տեսք ստացավ այն, ինչը ընդդիմադիրները մատնացույց էին անում, երբ գազային աղմկահարույց համաձայնագրերը խորհրդարան էին բերվել:

«Մի մասում ինքը՝ Հանրապետականն էլ է համոզվել, բայց քաջ գիտակցում ենք, որ Հանրապետականը չի կարող այնպիսի բան անել, որը Հովիկ Աբրահամյանին կամ Սերժ Սարգսյանին զայրացնի», - շեշտեց ՀԱԿ պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, լավատես չէ, թե հանձնաժողովի իշխանական անդամները կհամարձակվեն խոստովանել ակնհայտ իրողությունը, այն է՝ 300 միլիոն դոլարի պարտքը կարող էր չկուտակվել:

«Ակնհայտ է, որ մարդիկ պայմանավորվել, ասել են՝ գազի գինը մի թանկացրեք, մենք հետո մեր գույքով կտանք: Ինչ է թե ռուսներին ձեռնտու էր, իրենք ավելի շատ ստացան, քան այն մուծումը, որը պետք է արվեր: Մերոնք էլ ժողովրդին, իբր թե, մուծումներ չթողեցին անել, բայց նույն ժողովրդի սեփականությունը, ավելի էժան գնահատված, տվեցին ուրիշին», - նշեց Արամ Մանուկյանը:

Հանձնաժողովը հազարավոր էջերի փաստաթղթեր է ուսումնասիրել, բայց Արամ Մանուկյանը մինչև հիմա ոչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ոչ էլ էներգետիկայի նախարարության պաշտոնյաներից բացատրություններ չի ստացել, թե ո՞վ է գնահատել 20 տոկոս բաժնետոմսերը: Գուցե դրանք 300 միլիոն դոլարից շատ ավելի թանկ էին․ - «6 ամիս ես խորհրդարանում հարցրել եմ՝ տվեք այն կազմակերպության անունը, որը մեր սեփականությունը՝ «ՀայՌուսգազարդի» հայկական կողմի սեփականությունը գնահատել է այդքան էժան: Չկա այդ կազմակերպությունը: Գնահատումը արել են հակառակ կողմից: Ես արդեն համոզված եմ: Այսինքն՝ ինչքան պարտք են եղել, մեր գույքը գնահատել են այդքան»:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրում է նաև գազի թանկացման պատճառները: ՀԱԿ-ի պատգամավորի փոխանցմամբ, իշխանությունները ամենաշատը հենց այս հարցի շուրջ են կռիվ տալիս, հակառակ դեպքում կհիմնավորվի, որ գազը սահմանից երկու անգամ թանկ գնով սպառողին հասցնելով՝ քաղաքացուն «քերթում են»․

«Ինչ կարծիք էլ հանձնաժողովը ձևավորի, արդարացված չէ: Եվ այդ գինը, նվազագույն հաշվարկով եմ ասում՝ առանց գունավորելու, չափազանցնելու, 25-30 տոկոսով տեղ կա իջեցնելու, ու եթե կառավարությունը ցանկություն ունենա և խորհրդարանի դուխը հերիքի, ինչ քաղաքական պատվեր էլ որ իրենք կստանան, պիտի որ ասի՝ եղբայր, այսպես չի կարելի, սրա արդյունքում ժողովուրդը արտագաղթում է: Կամ էլ հին կառավարության վրա այս ամենը բարդել կարողանան, իմ ասած բոլոր թերությունները կդառնան փաստաթղթային», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Ռուբիկ Հակոբյանն ասում է, որ եթե իշխանությունները քաղաքական կամք ունենան ու տարեվերջին այս փաստերը տեղ գտնեն հանձնաժողովի զեկույցում, ապա առաջ է գալու պատասխանատվության հարցը․ - «Ի վերջո քաղաքացին արթնանում և տեսնում է, որ 300 միլիոն պարտքի տակ է: Ինքը իր երեխայի, իր հաշվին պետք է այդ պարտքը մարի: Ինքը իրավունք ունի պահանջել, որպեսզի հանցագործին պատժի ենթարկեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG