Մատչելիության հղումներ

Առաջիկայում նախատեսվում է Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում


ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և փոխշահավետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության մասին:

«Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում իրավիճակի և առկա մարտահրավերների շուրջ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև բարձր մակարդակով ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցությանը, երկու երկրների համար կարևորագույն հարցերում փոխադարձ աջակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG