Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ռուսական զինուժը չի մտնի Ուկրաինա։ Մինչդեռ Ուկրաինան և Արևմուտքը արդեն հայտարարել են, որ ռուսները ներխուժել են այդ երկիր։
Ապրիլից Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների և ուկրաինական զինուժի բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 2600 մարդ։
«Արևելյան Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինի»,- այսօր միջազգային հարաբերությունների համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
ՆԱՏՕ-ն անցած շաբաթ հայտարարել է, որ ավելի քան 1000 ռուս զինվորներ են մտել Ուկրաինա։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սա անվանել էր Մոսկվայի կողմից «շարունակվող ներխուժում»։
Այսօր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը նախաձեռնել է «բաց և ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի»։