Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային նոր օրենքի պատճառով դասախոսները լքում են պետական բուհերը


Սեպտեմբերի 1-ին մի քանի տասնյակ երիտասարդ դասախոսներ լսարան չմտան
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Սեպտեմբերի 1-ին մի քանի տասնյակ երիտասարդ դասախոսներ լսարան չմտան

Երիտասարդ դասախոսները, ովքեր լքել են պետական բուհերը, պատրաստվում են կամավոր հիմունքներով դասավանդել համալսարաններում:

Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պատճառով պետական բուհերի մի քանի տասնյակ դասախոսներ սեպտեմբերի 1-ին չեն վերակնքի իրենց պայմանագրերը պետական այս կառույցների հետ: Հիմնականում այն դասախոսներն են դիմել այս քայլին, ովքեր համատեղության կարգով աշխատում են նաև մասնավոր հատվածում:

Նոր օրենքի համաձայն՝ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերից պարտադիր սոցիալական վճարներ են պահվելու, իսկ եթե դասախոսը նաև մասնավոր հատվածում է աշխատում, ապա սոցիալական վճարները պահվելու են միանգամից երկու աշխատավարձերից:

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Միկրոէլեկտրոնիկայի ամբիոնը, օրինակ, մեկ օրում կորցրել է 4 երիտասարդ ու խոստումնալից դասախոսների։ Ամբոնի վարիչ Վահե Բունիաթյանն այժմ վերաբաշխում է ժամերը։ Հեռացող 4 երիտասադներից 3-ի հրամանն արդեն կա։ Ամբիոնի վարիչը դժվարանում է փոխարինող դասախոսների գտնել. հեռացել են տաղանդավոր և նեղ մասնագետներ։ Ժամանակին պարծենում էր, որ ողջ բուհում ամենամեծ թվով երիտասարդները հենց իր ամբիոնում էին դասավանդում, հիմա կանգնած է տհաճ փաստի առջև։

Հեռացող դասախոսներին ամբիոնը չի փորձել համոզել փոխել որոշումը՝ հասկանալով, որ հակառակ դեպքում նրանք մեծ գումարներ են կորցնելու, քանի որ աշխատում են բարձր վարձատրվող միկրոէլեկտրոնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Իսկ համատեղում էին, որովհետև բուհից ստացած աշխատավարձով ընտանիք ստեղծել ու ապրել չէին կարող։

Հեռանալ պատրաստ է նաև ԵՊՀ-ի դասախոս Համազասպ Դանիելյանը: Ասում է՝ դժվարանում է մեկ օրում փակել կյանքի կարևոր էջը, պատրաստ է անգամ անվճար դասավանդել: Նա դժվարանում է հավատալ, որ իր կուտակած գումարը ներդրում է ապագայի համար:

Դանիելյանին ԵՊՀ-ից խնդրել են վերադսռնալ աշխատանքի ՝ նշելով, որ սպասվում է համակարգային լուծում։

ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ միայն ԵՊՀ-ի մեկ տասնյակ երիտասարդ կադրեր խնդրել են դադարեցնել պայմանագրերը: Թե քանիսն են ասել, որ կհեռանան, եթե մինչև դեկտեմբեր հարցին լուծում չտրվի, Սիմոնյանը չկարողացավ նշել՝ ընդունելով, որ նրանց թիվը նույնպես մեծ է․ - «Մենք հարցը բարձրացրել ենք մեր նախարարի առաջ: Պարոն Աշոտյանը տեղյակ է: Նախարարի ասելով՝ խնդիրը ընկալելի է, հասկանալի է, և ինքը հույս ունի, որ որոշակի լուծում կստանա»:

ԵՊՀ-ի ռեկտորին դեռևս հայտնի չէ, թե ինչ լուծում կարող է առաջարկել նախարարությունը։

Իսկ քանի դեռ լուծումները գտնված չեն, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին գիտնական Տիգրան Գրիգորյանը չի պատրաստվում վերակնքել պայմանագիրը ակադեմիայի հետ:

«Մտահոգվելով հարցը չի լուծվում: Ես էլ եմ շատ բաներից մտահոգված, բայց դրանով հարց չի լուծվի, կոնկրետ քայլեր են պահանջվում», - ասաց ԳԱԱ նախկին աշխատակիցը:

Երիտասարդ գիտնականը իր ընկերների հետ, որոնք ևս լքել են ակադեմիան ու բուհերը, պատրաստվում է ալտերնատիվ քայլի դիմել՝ հրաժարվելով պետական աջակցությունից, այլ կերպ ասած՝ աշխատավարձից, նրանք պարզապես կամավոր հիմունքներով կդասավանդեն բուհերում:

XS
SM
MD
LG