Մատչելիության հղումներ

Բեռլինի և Անկարայի միջև լրտեսական սկանդալը խորանում է


Գերմանիա – Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Բեռլինում նախագահի նստավայր կատարած այցելության ժամանակ, 1-ը նոյեմբերի, 2011թ․
Գերմանիա – Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Բեռլինում նախագահի նստավայր կատարած այցելության ժամանակ, 1-ը նոյեմբերի, 2011թ․

Գերմանական մամուլը պնդում է, որ երկրի հատուկ ծառայությունները Թուրքիայի տարածքում գաղտնալսումներ սկսել են իրականացնել ոչ թե 2009-ից, ինչպես նախորդ շաբաթ բացահայտել էր Der Spiegel հանդեսը, այլ հեռավոր 1976 թվականից սկսած:

Այս մասին գրել է Մյունխենում լույս տեսնող հեղինակավոր Focus ամենշաբաթյա հանդեսը, պնդելով, թե խմբագրության տրամադրության տակ են հայտնվել գաղտնալսման իրողությունը հաստատող փաստաթղթերը: Դրանք, ըստ Focus-ի, վկայում են, որ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը՝ BND-ը, Թուրքիայի տարածքում գաղտնալսումներ իրականացնելու անմիջական թույլտվություն է ստացել երկրի կառավարությունից: Ավելին Focus-ը պնդում է, որ գաղտնալսումներ իրականացնելու որոշումը կայացրել է անձամբ այն ժամանակվա դաշնային կանցլերը՝ սոցիալ-դեմոկրատ Հելմուտ Շմիդտը:

Հարկ է նկատել, որ գերմանական հետախուզությունը Թուրքիայի տարածքում գաղտնալսումների մասին որոշումը կայացրել է այդ երկրի համար բավական բարդ պատմական մի փուլում, Կիպրոս կատարված ներխուժումից ընդամենը երկու տարի անց և չդադարող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, որն ի վերջո հանգեցրեց 1980 թվականի ռազմական հեղաշրջմանը:

Ուշագրավ է նաև, որ Focus հանդեսն իր վերջին համարում նոր տեղեկություններ է հաղորդել Թուրքիայի դեմ գաղտնալսումների վերջին շրջանի մասին: Der Spiegel-ն իր հայտնի հրապարակման մեջ պնդում էր, որ դաշնային կանցլերի գրասենյակը տեղեկացված չի եղել BND-ի 2009 թվականին կայացված որոշման մասին, ըստ որի թուրքական տարածքի գաղտնալսումը սկսել է իրականացվել Բավարիայում գտնվող Բադ-Այբլինգի արբանյակային կայանից: Focus-ը սակայն պնդում է, որ թուրքական պետական ու քաղաքական մարմինների դեմ գաղտնալսումներ սկսելու 2009 թվականի որոշումը կայացվել է հատուկ ստեղծված կառավարական աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել դաշնային կանցլերի աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանության, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունների պաշտոնյաները:

«Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը բավական ծանրակշիռ պատճառներ ուներ, Թուրքիայում գաղտնալսումներ իրականացնելու համար: Բեռլինը մտահոգված էր թրաֆիքինգի, թմրանյութերի շրջանառության և ահաբեկչության մասին ստացվող տեղեկատվությունից», - Focus հանդեսին է փոխանցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Հանս-Պետեռ Ուլը, հավելելով, թե՝ «Գերմանիան պետք է տեղեկացված լինի, թե ինչ է մուտք գործում իր տարածք Եվրամիության թեկնածու հանդիսացող Թուրքիայից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG