Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Պետք է մեր տուրքը վճարենք սահմանամերձ համայնքներին»


Փաշինյան. «Պետք է մեր տուրքը վճարենք սահմանամերձ համայնքներին»
please wait

No media source currently available

0:00 0:05:22 0:00

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) երեկ շրջանառության մեջ է դրել «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում մի շարք արտոնություններ տրամադրել ադրբեջանական զինված ուժերի դիտակետի տակ գտնվող հայկական բնակավայրերին:

Պատգամավորի նախնական հաշվարկներով, խոսքը 30-40 համայնքի մասին է:

«Մենք ու բոլոր նրանք, ովքեր այսօր հանգիստ մեր տներում քնում ենք, մեր, այսպես ասած, տուրքը պետք է վճարենք այդ համայնքների բնակիչներին, որովհետև նրանք այնտեղ կանգնած են մեր փոխարեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը:

Ներկայացրած օրինագծով նա առաջարկում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի կեսը, նրանց ազատել հողի և սահմանապահ համայնքների տարածքում ունեցած անշարժ գույքի հարկերից, կրկնապատկել այդ համայնքներին բյուջեից հատկացվող դոտացիաները, մեկամսյա ժամկետում օթևանով ապահովել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով իրենց տներից զրկված բնակիչներին: Սահմանապահ համայնքներում ու դրանց հարակից տարածքներում ականների պայթյուններից, կրակոցներից վիրավորվածներին բուժել պետական միջոցներով, զոհված քաղաքացիների ընտանիքներին հատկացնել միանվագ օգնություն երկու միլիոն դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի համար:

Պատգամավորը սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ ուշադրությունը համարեց Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը. - «Իմ տպավորությամբ, մարդկանց համար կարևորը ոչ այնքան նյութական արտոնություններն են, այլ այդ գյուղերը ուզում են հավաստիանալ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իրենց կարգավիճակը և ուզում է, որ իրենք ապրեն այդ գյուղերում, ամուր լինեն այդ գյուղերում: Այո՝ թեկուզ ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո: Սա, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր քաղաքական նշանակություն ունի»:

Նախագծում հստակեցված է նաև «սահմանապահ համայնք» հասկացությունը․ - «Սահմանապահ են համարվում Հայաստանի Հանրապետության այն համայնքները, որոնց վարչական սահմանները ներառում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի սահմանից առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակելի տներ կամ համայնքային նշանակության վարչական շենքեր»:

«Հայաստանի Հանրապետության շատ բնակավայրեր կան, որ լայնածավալ պատերազմի դեպքում կարող են լինել խոցելի, բայց խոսքը վերաբերում է այն գյուղերին կամ բնակավայրերին, որոնք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում գնդակոծվում են կամ կարող են ուղղակիորեն գնդակոծվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ճիշտ է, այսօր Հայաստանում շատ լայն սոցիալական պրոբլեմներ կան, երկրում լայն աղքատություն կա, բայց եկեք ի վերջո հասկանանք, որ սրանից բացի, այդ սահմանապահ գյուղերում կա ուրիշ խնդիր. որ ծնողը չգիտի, թե ինչ կլինի բակում խաղացող իր երեխայի հետ: Օրինակ, հավաքվելը, ծնունդ նշելը, քեֆ անելը, նույնիսկ թաղում անելը անվտանգության հետ կապված խնդիր է: Այսինքն` կյանքի ռեժիմը բոլորովին այլ կերպ է դարձնում, և մենք` բոլոր նրանք, ովքեր մեր տներում հանգիստ քնում ենք, մեր, այսպես ասած, տուրքը պետք է վճարենք այդ համայնքների բնակիչներին, որովհետև նրանք այնտեղ կանգնած են մեր փոխարեն: Այո, տուրքը` բառիս հենց ուղիղ իմաստով, պետք է վճարվի այդ համայքներին»:

Նա ասաց, որ օրինագծի մշակման ընթացքում հարցումներ է ուղարկել Կառավարություն՝ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար․ - «Ցավոք սրտի, վերջին մեկ ամսվա ընթացքում պարզվեց, որ այն բոլոր տվյալներին, որ անհրաժեշտ են ամբողջական պատկերացում ունենալու համար, Կառավարությունը նույնպես չի տիրապետում: Մոտավորապես 40 բնակավայր Հայաստանի Հանրապետության գտնվում են Ադրբեջանի հետ սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա: Բայց խնդիրը հետևյալն է, որ դեռ պետք է պարզել, թե արդյոք երեք կիլոմետր հեռավորության վրա այդ գյուղերից կամ բնակավայրերից, որոնք ունեն բնակելի տներ, կան համայնքային նշանակության վարչական շենքեր»:

Փաշինյանի կարծիքով` սահմանամերձ համայնքների խնդիրներին տարիներ շարունակ համակարգային լուծում չի տրվել, ընդունվել են օրենքներ, որոնք մնացել են թղթի վրա. - «Օրինակ, Հայաստանում կա օրենք սահմանամերձ տարածաշրջանների մասին: Հիմա այս օրենքի համաձայն, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի գազամատակարարման վերականգնման հարցը պետք է լուծված լիներ 2005 թվականին: Այսօր 2014 թվականն է, և Բերքաբեր գյուղի գազամատակարարման հարցը լուծված չէ»:

«Շատերը ասում են` դե, փող չունի պետությունը, փող չկա պետությունում», - շարունակեց ընդդիմադիր գործիչը: - «Բա ինչո՞վ են զբաղված եղել քսաներկու տարի: Այդ ինչպե՞ս է, որ օլիգարխները փող ունեն, պետությունը չունի, բարձրաստիճան պաշտոնյաները փող ունեն, պետությունը չունի: Սա նույնն է, թե թշնամին հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա, և իշխանությունը ասի`գիտեք, փող չունենք: Բա ինչո՞ւ չունեք: Ձեր ամբողջ գործառույթը նրա մեջ է, որ մենք փողն ունենանք: Այդ փողը պետք է ծախսված լիներ առաջին հերթին հենց այս սահմանամերձ և սահմանապահ գյուղերի վրա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է իր նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամների ջանքերով: Սահմանամերձ գյուղերի բնակիչներին նման խոստում տվել էին դեռ հուլիսի սկզբին Տավուշի մարզի Այգեպար, Մովսես գյուղեր կատարած այցերի ժամանակ:

Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր վեց խմբակցությունները երեկ հայտարարեցին Կառավարություն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տրամադրելու առաջարկներ ներկայացնելու մասին:

Փաշինյանն այսօր ասաց, թե այդ նախաձեռնություններն իրար չեն խանգարում․ - «Ուրախ եմ արձանագրել, որ քաղաքական ըստ էության բոլոր ուժերը ընդունում են, որ այդտեղ կա խնդիր: Դա հույս է ներշնչում, որ որևէ ճանապարհով այդ խնդիրը իր վերջո կլուծվի»:

XS
SM
MD
LG