Ուկրաինայի բանակի խոսնակ Անդրիյ Լիսենկոյի փոխանցմամբ, այսօր առավոտյան Խյասչուվատոյե և Նովոսվիտլիվկա գյուղերի ճանապարհին անջատականները «ԳՌԱԴ» կայանքներից և թնդանոթներից հրետակոծել են պատերազմի գոտի վերածված Լուգանսկից փախչող խաղաղ բնակիչների ավտոբուսների շարասյունը։ Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան 9-ն անց 40։
«Ահաբեկիչներն արյունալի հանցագործություն են կատարել, այդ զենքը ավազակներին Ռուսաստանի Դաշնությունն է փոխանցել, զոհվել են մեծ թվով մարդիկ, ներառյալ կանայք և երեխաներ, տուժածների թիվը ճշտվում է», - ասել է Լիսենկոն։
Ռուս անջատականների խոսնակ Անդրեյ Պուրգինն, իր հերթին, հայտարարել է, թե իրենք նման կայանքներ նշված շրջանում չունեն։ Անջատականներն ավելի վաղ հաստատել են, որ օգոստոսի 18-ի առավոտյան իրենց և ուկրաինացիների ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել այն տարածքում, որով պետք է անցներ փախստականների ավտոբուսների շարասյունը։
Լիսենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանից Ուկրաինայի արևելք մարդասիրական օգնություն փոխադրող բեռնատարների ստուգումը անվտանգության երաշխիքների բացակայության հետևանքով տեղի չի ունեցել, և դրանք Ուկրաինա մուտք չեն գործել։
«ԵԱՀԿ փորձագետները այսօր կամ վաղը ստուգման կնեթարկեն բեռը», - հավելել է Լիսենկոն։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մինչդեռ, այսօր ասել է, թե կողմերը համաձայնեցրել են մոտ 300 բեռնատարներով մարդասիրական օգնությունն Ուկրաինայի արևելքի բնակիչներին հասցնելու հարցը։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը պատրաստ է օգնությունը փոխանցել բնակիչներին՝ պայմանով, որ դրանում զենք և զինամթերք չի լինի և, ռուս անջատականներն անվտանգ անցում ապահովեն։
Երեկ Բեռլինում բանակցել են Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները։ Սերգեյ Լավրովն ասել է, թե, «որոշակի առաջընթաց կա, բայց կոնկրետ հրադադարի հաստատման վերաբերյալ չի կարող զեկուցել ինչ-ինչ դրական արդյունքների մասին»։
Այնուամենայնիվ բուն մարդասիրական օգնության խնդրում հինգ ժամ տևած քննարկումներից հետո համաձայնությունը կայացել է։
ՆԱՏՕ-ն և Կիևը բեռլինյան բանակցություններից առաջ մտահոգություն են հայտնել, թե ռուսները մարդասիրական օգնության հարցը կարող են դարձնել Ուկրաինայի արևելք զորք մտցնելու առիթ։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, թե բանակցությունները շատ բարդ են անցել։
«Մենք կվերադառնանք մեր մայրաքաղաքներ և վաղը կորոշենք հաջորդ հանդիպման օրը», - ասել է Շտայնմայերը։
Պատերազմը շարունակվում է: Կիևը պնդում է, որ անցած 24 ժամում Ռուսաստանից Ուկրաինայի տարածք է փոխադրվել երեք միավոր «ԳՌԱԴ» կայանք և այլ զենք ու զինամթերք։ Նախօրեին ռուս անջատականները Լուգանսկի շրջանում ուկրաինական ռազմական օդանավ են վայր գցել, օդաչուն փրկվել է։