Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում բարձրլեռնային «Ալագյազ» ուսումնավարժական համալիրում:
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, զորավարժություններ անցկացվում են ռուսաստանցի զինծառայողների և Հայաստանի զինված ուժերի համատեղ գումարտակային մարտավարական զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակներում:
Հաղորդագրության համաձայն՝ բոլոր տեսակների զենքերից մարտական կրակոցների փուլով անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու են 1000-ից ավելի զինծառայողներ և հատուկ զինտեխնիկայի 300 միավոր, ընդ որում՝ զինծառայողները գործելու են մարտականին մոտ պայմաններում, ծովից 2200 մետր բարձրության վրա, հարձակվող պայմանական հակառակորդի և նրա կողմից ավիացիայի ու զանգվածային խոցման զենքի կիրառման նմանակմամբ: Երկու բանակների ստորաբաժանումները հետևակի մարտական մեքենաներից, զրահամեքենաներից, տանկերից, ինքնագնաց հրանոթային համակարգերից, հակաօդային պաշտպանության համակարգերից, ինչպես նաև հրազենից մարտական կրակոցներով ոչնչացնելու են պայմանական հակառակորդի բարձրացող և շարժվող թիրախները:
Համատեղ զորավարժություններում հատուկ ուշադրություն է դարձվելու ռադիոկապի և ազդանշանների նորագույն դյուրակիր միջոցների օգտագործման վրա:
Նման զորավարժություններ 102-րդ ռազմակայանում անցկացվում են տարեկան երկու անգամ, նշված է հաղորդագրությունում: