Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր թույլատրել է զինված ուժերին օդային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի իսլամիստ զինյալներին, սակայն հայտարարել է, որ զորքերը հետ չի ուղարկի Իրաք:
Օբաման հայտարարել է, որ օդային հարվածների թիրախը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման զինյալներն են, նպատակը՝ Իրաքի կրոնական փոքրամասնություններին ցեղասպանությունից փրկելը և ԱՄՆ-ի շահերը պաշտպանելը:
Օդային հարվածները դեռ չեն սկսվել, բայց ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է տրամադրել իրաքցիներին:
Ավելի վաղ «Իրաքի և Լևանիտի իսլամական պետության» խմբավորման զինյալները գրավել են Իրաքի ամենամեծ քրիստոնեական Քարաքոշ բնակավայրը՝ ստիպելով տեղացիներին փախչել: Նրանք այժմ վերահսկում են Իրաքի և Սիրիայի շատ տարածքներ՝ հայտարարելով, թե դրանցում «մահմեդական խալիֆայություն» են ստեղծել: