Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճն ու անվտանգության խնդիրը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Տավուշի մարզի սահմանամերձ հատված այցերից։
Դեսպանության պաշտոնական կայքէջում երեկ հրապարակված հաղորդագրությունում որպես վտանգավոր գյուղեր նշվում են Վազաշենը, Վարագավանը, Պառավաքարը, Այգեպարը, Ազատամուտը և Բարեկամավանը:
Դեսպանությունը տեղեկացնում է, որ սահմանափակված է նաև ԱՄՆ պետական պաշտոնյաների այցը սահմանամերձ այդ շրջաններ:
Հաղորդագրությունում որպես վտանգավոր հատված նշվում է նաև Երևան-Թբիլիսի M-16/H-26 ճանապարհի Ազատամուտից մինչև Ջուջևան Վրաստանի հետ սահման հատվածը:
ԱՄՆ դեսպանությունը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շփման գծին, տեղեկացնում է, որ այստեղ էլ «լարվածությունն աճել է» և Լեռնային Ղարաբաղում ու դրա հարակից շրջաններում Միացյալ Նահանգների քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի լինել: