Մատչելիության հղումներ

Պետբյուջեի հարկային եկամուտները չապահովելու ռիսկեր կան


Պետբյուջեի հարկային եկամուտները չապահովելու ռիսկեր կան
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

Կառավարության ներկայացուցիչը խոստովանում է՝ ռիսկեր կան, որ այս տարվա պետբյուջեի հարկային եկամուտները կարող են չապահովվել:

«Ազատության» հետ զրույցում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ասաց, որ 2014-ի առաջին կիսամյակում խոշոր հարկատուներից ավելի քան 21 միլիարդ դրամով քիչ հարկ են հավաքել, քան նախատեսված էր:

«Իհարկե, ռիսկեր կան, այդ կորուստը, որը վեց ամիսների արդյունքում հրապարակել ենք, շուրջ 21 միլիարդ է։ Որպեսզի պատկերացնեք դա ինչ գումար է, ասեմ՝ ամբողջ փոքր բիզնեսից շրջանառության հարկ վճարողներից մեկ տարվա մեջ գանձած գումարը կազմում է 14 միլիարդ դրամ»,- ասաց Ալավերդյանը։

Ինչպես փոխանցեց մեր զրուցակիցը, այս տարվա պետբյուջեով նախատեսված է հավաքել մոտ 1 տրիլիոն 100 միլիարդ դրամի հարկ:

Եթե անցած տարվա վերջին կազմված 2014-ի պետբյուջեով նախատեսված էր ապահովել 5.2 տոկոս տնտեսական աճ, ապա կառավարության փոփոխությունից հետո Հովիկ Աբրահամյանը խոստացավ այս տարի ապահովել ընդամենը 4 տոկոս աճ:

Հայաստանի այս տարվա տնտեսական աճի ցուցանիշները նվազեցրել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը: Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը մայիսի վերջին «Ազատությանը» փոխանցեց, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացման հետևանքով 2014-ին Հայաստանը կունենա ոչ թե 4.3 տոկոս աճ, ինչպես կանխատեսվում էր նախկինում, այլ ավելի պակաս:

Հետևաբար, հարց է առաջանում, եթե պետբյուջեով նախատեսված 5.2 տոկոս տնտեսական աճը չի լինելու, արդյոք կառավարությունը կկարողանա՞ հավաքել նույն պետբյուջեով նախատեսված 1 տրիլիոն 100 միլիարդ դրամի հարկը: Փորձագետները կասկածում են։

«Եթե հավաքագրված հարկերի ծավալը ավելի քիչ է աճում, քան գնաճի ցուցանիշն է, ուրեմն կարելի է ասել՝ հարկահավաքման գործերը լավ չեն»,- ասաց «Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։

Ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, առաջին հազար խոշոր հարկատուներից այս տարվա առաջին կիսամյակում ընդամենը 3.8 տոկոսով ավելի հարկ է հավաքվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (2014-ի հունվար-հունիսին հավաքվել է 325.9 միլիարդ դրամի հարկ՝ նախորդ տարվա 313.8 միլիարդի փոխարեն): Մինչդեռ, գնաճը 2014-ի առաջին կիսամյակում ավելի շատ է եղել՝ 4 տոկոս։

Արմեն Ալավերդյանը խոշոր հարկատուներից նախատեսվածից քիչ հարկեր հավաքելը բացատրեց երկու հիմնական գործոններով՝ պղնձի միջազգային գների անկման պատճառով հանքաարդյունաբերության 9 խոշոր ընկերություններ այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան 9 միլիարդ դրամ քիչ հարկ են վճարել, քան սպասվում էր: Երկրորդ, «Շահութահարակի մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում՝ այս տարվա հունվարի 1-ից ձեռնարկությունները այլևս չեն վճարում 1 տոկոս շահութահարկ՝ անկախ նրանից օգուտով են աշխատում, թե՝ վնասով, ինչպես նախկինում էր, և սա էլ պետբյուջեին արժեցել է մոտ 12.5 միլիարդ դրամ:

Խոշոր բիզնեսը շարունակում է մնալ ստվերում

Հայկ Գևորգյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2014-ի առաջին կիսամյակի գնաճն ավելի շատ է եղել, քան խոշոր հարկատուներից հավաքված լրացուցիչ հարկի չափը: Այս փաստը, ըստ փորձագետի, վկայում է՝ խոշոր հարկատուները, իրականում, ոչ միայն ավելի չեն վճարել, այլև՝ օլիգարխներին ստվերից դուրս բերելու իշխանությունների խոստումը, առայժմ լոկ խոսքերն են:

«Որպեսզի կարողանանք ասել, որ հաջողություն ենք արձանագրել հարկահավաքման ծավալների աճի հարցում, ուրեմն պիտի հարկերի ծավալը ավելի արագ աճի, քան գնաճը։ Գնաճը ինքը իրենով, եթե կառավարությունը ոչինչ չանի, հանգեցնում է հարկերի հավաքագրման ծավալի աճի գրեթե նույն համամասնությամբ»,- ասաց տնտեսական մեկնաբանը։

Պարզվեց այս ցուցանիշից գոհ չեն նաև կառավարությունում։ «Աշխատանքներ արվել ենք, լրացուցիչ հարյուրավոր միլիոններ առաջադրվել են առանձին տնտեսվարողների սուբյեկտների, և պետք է դատական հայցերով առաջնորդվենք։ Բայց մենք տրամադրված ենք, որ ստվերի հաշվին ավելի մեծ գումարներ կարողանանք պետական բյուջե ապահովել, քան ապահովել ենք մինչև հուլիս ամիսը։ «Ալեքս Գրիգը» հիշատակեցի, նրա ֆինանսական ցուցանիշները մեզ էլ այնքան դուր չեն գալիս, և մենք որոշակի գործողություններ ենք անում, չափագրումներ ենք անում իրենց շահութաբերության իրական մակարդակին հասնելու համար»,- ասաց ֆինանսների փոխնախարարը։

XS
SM
MD
LG