Մատչելիության հղումներ

ՀՀ-ում և ԼՂ-ում արձագանքում են Ադրբեջանին ռուսական ռազմական օդանավեր վաճառելու լուրերին


ՀՀ-ում և ԼՂ-ում արձագանքում են Ադրբեջանին ռուսական ռազմական օդանավեր վաճառելու լուրերին
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00

Հայաստանում մտահոգված են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Як-130 ուսումնառազմական օդանավեր վաճառելու ծրագրերից, Ղարաբաղում դա համարում են բիզնես գործարք։

Վկայակոչելով օդանավն արտադրող «Իրկուտ» ընկերությանը՝ ադրբեջանական APA գործակալությունն է տարածել տեղեկատվություն, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել այդ օդանավերը։ Як-130 երկտեղանի ուսումնառազմական օդանավի սպառազինությունում կան կառավարվող և չկառավարվող հրթիռներ: Ներկայումս նման օդանավեր ունեն Ռուսաստանի, Բելառուսի և Ալժիրի զինված ուժերը: «Իրկուտ»-ի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ առաջիկայում Ադրբեջանը ևս կընդգրկվի Як-130 օգտագործող երկրների ցանկում։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կոնկրետ այս գործարքին նախարարությունը պաշտոնական որևէ արձագանք չունի։ Նա միաժամանակ ընդգծեց, որ և նախագահ Սերժ Սարգսյանը, և պաշտպանության նախարարը վերջերս մտահոգություններ հայտնել են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ։

Պաշտոնական Ստեփանակերտը սա համարում է զուտ գործարք։

«Գիտեք այդ «Як» կոչված ինքնաթիռը ռազմական չէ, դա ուղղակի ուսուցման համար է օգտագործվում, Հայաստանը նույնպես, եթե չեմ սխալվում, ունի այդպիսի օդանավեր։ Այստեղ պիտի մի քիչ ավելի սառնասրտորեն մոտենանք, խնդիրը ռազմական դաշնակցի՝ մեր դեմ ինչ-որ քաղաքականության մեջ չէ, սա զուտ բիզնես է»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը.- «Այսինքն եթե Ադրբեջանը նպատակ է դրել նման տիպի ինքնաթիռ գնի, բնական է, որ նա պետք է գնի, կապ չունի ով է տալիս, մեկ է նա գնելու է, և հիմա Ռուսաստանը փաստորեն ինքն է այդ բիզնես գործարքը օգտագործում»։

Չհամաձայնելով այն կարծիքներին, որ Ռուսաստանն իր այս քայլերով նպաստում է լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին, ավելին, Մոսկվան է հրահրում առկա լարվածությունը, Ղարաբաղի նախագահի խոսնակը համոզված էր, որ դա որևէ մեկին ձեռնտու չէ։

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկին ձեռնտու է լարվածության թեժացումը տարածաշրջանում, մանավանդ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների ներքո, որովհետև սա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։ Բոլորի համար պարզ է, որ եթե ևս մեկ պատերազմ լինի այստեղ, այդ պատերազմը չի լինելու լոկալ, կամ չի լինելու զուտ տարածաշրջանային, նա կարող է ընդգրկել բազմաթիվ այլ պետությունների, նաև գերտերությունների՝ կամա, թե ակամա»,- նշեց Բաբայանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հայկական կողմի հակառակորդին զինելը ամենևին չհամարելով միայն բիզնես գործարք, համոզված էր, որ Հայաստանը արդեն պետք է բացատրություն պահանջի Ռուսաստանից։

«Ուղղակի անթույլատրելի է, որ այս փոքրիկ տարածաշրջանում [որ առանց այն էլ համարվում է աշխարհի ամենամիլիտարիզացված ռեգիոններից մեկը] այսքան սպառազինություն է կուտակվում։ Ռուսաստանը՝ որպես այս տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկիր, փոխանակ նպաստի խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը՝ ուղղակի ականապատում է այդ խաղաղությունը։ Սա անթույլատրելի է, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է խորհրդակցություններ հրավիրի հայ-ռուսական մակարդակով, և բացատրություններ պահանջի այս ամենի կապակցությամբ, որովհետև Ռուսաստանը, ըստ էության, գործում է հակառակ ռազմավարական գործընկերության տրամաբանությանը և նաև գործում է դեմ միջնորդական առաքելության սկզբունքներին»,- նշեց Սաֆարյանը։

«Ռուսաստանի այս քաղաքականությունն է Ադրբեջանին պահում այն մաքսիմալիստական դիրքերում, որը թույլ չի տալիս ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմումը»,-կարծում է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Փորձագետը, «Ազատության» հետ զրույցում իրավիճակը դիտարկելով նաև Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների համատեքստում, անհրաժեշտ էր համարում, որ Արևմուտքը էմբարգո դնի ղարաբաղյան հակամարտության կողմերին զենքի վաճառքի վրա։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը նաև բախվելով իր ռազմական արդյունաբերության խնդիրներին, որոնք օբյեկտիվորեն կծագեն այս պատժամիջոցների քաղաքականության արդյունքում, կարող է գնալ ցանկացած անթույլատրելի քայլի՝ զինելու այնպիսի սուբյեկտների, որոնց պարզապես զինել չի կարելի, որոնց մոտեցումները պարզապես կարող են պայթեցնել միջազգային անվտանգությունը։ Մենք գործ ունենք փաստորեն բավականին վտանգավոր իրավիճակի հետ, և ես կարծում եմ, որ այնպես, ինչպես միջազգային հանրությունը ներկայումս կոնսոլիդացված ձևով սանձում է Պուտինին, նույն ձևով պետք է սանձի Ալիևի այդ կրիմինալ կոռումպացված ռեժիմը»,- նշեց Մեհրաբյանը.- «Ժամանակն է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի տարածաշրջանում պարզապես էմբարգո դրվի այդ կոնֆլիկտում ներգրավված կողմերին զենքի մատակարարմանը, և դրա մեջ առաջին հերթին, այո, պետք է ներգրավվի Ռուսաստանը։ Դա պետք է լինի կոնսոլիդացված որոշում, իհարկե, արևմտյան դեմոկրատական հանրության կողմից»։

XS
SM
MD
LG