Մատչելիության հղումներ

Ռուսաստանը արգելեց ուկրաինական կաթնամթերքի ներմուծումը


Այսօր ուժի մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության որոշումը, ըստ որի արգելվում է Ուկրաինայից Ռուսաստան ներկրել ցանկացած կաթնամթերք:

«Ինտերֆաքսի» հետ զրույցում Ռուսաստանի անասնապահության և բուսասանիտարիայի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը նշել է, որ ուկրաինական կաթնամթերք արտադրողները օգտագործում են հակաբիոտիկներ և վտանգավոր նյութեր, որոնց պարունակությունը կաթի մեջ տասն անգամ գերազանցում է սահմանված նորմերը:

Մինչդեռ Ուկրաինան կտրականապես հերքում է Մոսկվայի մեղադրանքներ՝ նշելով, որ Ռուսաստանը պարզապես առևտրային պատերազմ է սկսել իր դեմ:

Մասնագետները նշում են՝ այս արգելքները լուրջ հետևանքներ կթողնեն Ուկրաինայի տնտեսության վրա:

Եթե ՌԴ-ից արտադրանքի միայն 6 տոկոսն է Ուկրաինա արտահանվում, ապա Ուկրաինայի արտաքին առևտրի ¼-ը ռուսական շուկա է մտնում:

Միայն վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի պանիր արտադրողները մոտ 42 միլիոն դոլարի վնաս են կրել. Ուկրաինան Ռուսաստան էր արտահանում պանրի 84 տոկոսը։ Մինչդեռ, ըստ «Նոմուրա» համաշխարհային հետազոտական կենտրոնի տվյալների, պանիրը կազմում է Ուկրաինայի արտահանման 0.5 տոկոսը:

Ռուսաստանի կողմից տարվող «առևտրային պատերազմը» սկսել է դեռ 2013 թվականին, երբ Մոսկվան արգելեց հայտնի «Ռոշեն» շոկոլադ արտադրող ընկերության արտադրանքի մուտքը իր տարածք: Այս տարի հուլիսից արգելվել էր ևս 7 կաթնամթերք արտադրող ընկերությունների արտադրանքի մուտքը Ռուսաստան:

Ռուսաստանը կարող է արգելել նաև ԱՄՆ-ից ներկրվող թռչնամսի մուտքը: Այդ մասին հայտարարել էր Սերգեյ Դանկվերտը՝ նշելով, որ մեկշաբաթյա հատուկ ստուգումներից հետո պարզ կդառնա՝ կշարունակեն արդյոք ներկրել թռչնամիս ԱՄՆ-ից, թե՝ ոչ:

Լիլիթ Քոչինյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG