Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հանդիպմանը հանդես գալով ելույթով` Նալբանդյանը, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նշել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա:
Նախարարը նաև ասել է, որ Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:
Բացի Եվրամիության հետ հարաբերություններից, Նալբանդյանը իր ելույթում խոսել է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եվրամիությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայ - իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
Մանրամասները տե՛ս այստեղ: