Մատչելիության հղումներ

Միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ցայսօր չեն հրապարակվել


Միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները մինչեւ այսօր չի հրապարկվել
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Մինչև այսօր չեն հրապարակվել Հայաստանի կառավարության պատվիրած միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրության արդյուքները։

Կառավարությունն անցյալ տարի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 միլիոն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիետին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն։

Գործը ստանձնեց Սլավոնական համալսարանի գիտական խումբը, ստացավ գումարն ու կատարեց ուսումնասիրությունը։ Գիտական խմբի ղեկավարը ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն է, ով պատմում է, որ հունվարի կեսին իրենց խումբն արդյունքներն արդեն հանձնել է Գիտության պետական կոմիտե։

«Ես իմ գործի պատասխանատուն եմ, ես պատասխանատու եմ գիտական հաշվետվության համար, որը իմ պատվիրատուն ինձ հանձնարարել է, որը ես իրեն ներկայացրել եմ», - «Ազատությանը» փոխանցեց Ռուբեն Եգանյանը։

Ժողովրդագիրը պարզաբանում է՝ 13 միլիոնը ծախսվել է Երևանում միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրության համար, իսկ մարզերում նույն ուսումնասիրությունը պետք է աներ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Ապա երկու աշխատանքները պետք է համադրվեին և կազմվեր ընդհանուր զեկույց կրկին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից։

Գիտպետկոմը պայմանավորվել էր Միջազգային կազմակերպության հետ ոչ մի արդյունք չհրապարակել, մինչև նրանք նույնպես չեն կազմի իրենց զեկույցը։ Մինչև այսօր այդ արդյունքների չհրապարակված ու գաղտնի լինելը և՛ Գիտպետկոմը, և՛ Սլավոնական համալսարանի գիտական խումբը բացատրում են հենց սրանով։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունից ասացին, որ իրենց զեկույցը դեռ պատրաստ չէ, իսկ երբ պատրաստ լինի, կհայտնվի կայքում։

Այս ուսումնասիրության արդյունքների հրապարակումն այսքան ուշացնելը անգամ Հայաստանի դատախազության ուշադրությունն է գրավել, որը հետաքրքրվել է, թե կատարվե՞լ է արդյոք 13 միլիոնանոց ուսումնասիրությունը: Պարզելով, որ այն իրականացվել է` հանգիստ են թողել գիտական խմբին։

«Ուրեմն ֆինանսական միջոցները ստացվել է՝ 13 միլիոն դրամ ծախսվել է, որի համար արվել է 2200 հարցում և, ուրեմն, մշակվում է արվել և գրվել է հաշվետվություն, որը ներկայացվել է Գիտության պետական կոմիտեին», - ասաց ժողովրդագիրը։

Եգանյանի նշած հաշվետվությունը, որը համառոտ ամփոփում է ուսումնասիրության արդյունքները ու բացահայտում է, թե ինչպիսի մասշտաբ ու բնույթ ունի միգրացիան այսօր, Գիտպետկոմը, իր հերթին, ուղարկել է կառավարություն և կրկին չի հրապարակել։

Գիտության պետական կոմիտեում այս գործով զբաղվող վարչության պետ Լևոն Մարդոյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք իրենց կառավարությունից ասել են, որ զեկույցը ներքին սպառման համար է և չպետք է հրապարակվի։ Մարդոյանն ասաց, որ միանշանակ պետական գաղտնիքի հետ գործ չեն ունեցել, բայց միևնույն ժամանակ ավելացրեց, որ կառավարությունն էր պատվիրատուն, նրանք էլ պետք է որոշեն այդ զեկույցի ճակատագիրը։

Նույն հարցն ուղղեցինք նաև Եգանյանին: «Հետազոտությո՞ւնը, ես տենց միանշանակ չեմ կարող պատասխան տալ ձեր հարցադրմանը, կարծում եմ, որ հետազոտության մեջ որևէ գաղտնի պահ չկա», - ասաց նա։

Այս տարվա առաջին եռամսյակին Հայաստան եկած ու այստեղից մեկնած մարդկանց թվի բացասական հաշվեկշիռը 31 հազար է, եկած ու գնացած մարդկանց թվի դրական հաշվեկշիռ մասնագետները դժվարանում են անգամ հիշել, թե երբ է վերջին անգամ եղել Հայաստանում։

«Բայց, այնուամենայնիվ, այս թիվն արտագաղթի ցուցանիշ համարել չի կարելի», - ասում է վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«Եթե զբոսաշրջիկներն էլ են այստեղ ներառված, սրանք իրենց որակի առումով միգրացիայի ցուցանիշներ չեն, երևույթը՝ մարդու տեղաշարժը արտագաղթ բնորոշելու համար, առաջին հերթին անհրաժեշտ է, որ, ուրեմն, մարդը փոխի իր մշտական բնակության վայրը, սահմանահատումների պարագայում մենք ընդհանրապես չունենք նման տեղեկատվություն, թե մարդու տեղաշարժը ի՞նչ բնույթի է, ի՞նչ նպատակով է իրականացվում և ի՞նչ ժամկետներում», - ասաց Կույումջյանը։

Կույումջյանը նույնպես անհամբեր սպասում է կառավարության պատվերով իրականացված հետազոտության արդյունքներին։ 2007թ.-ից վեր միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն չի արվել Հայաստանի նման երկրում, որտեղ արտագաղթը մեծ խնդիր են համարում թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքացիական հասարակությունը, իսկ 2007-ի ուսումնասիրությունն էլ արվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ջանքերով։

«Եվ ինչքան որ բնական շարժի տվյալներն են, ուրեմն դրանց ամբողջական ստացումն է կարևոր, էդքան էլ բնակչության տեղաշարժի ստացումն է միշտ կարևոր, և ինչքան որ լիարժեք ցուցանիշներ ստանանք երկու կողմից էլ՝ և՛ բնական շարժի, և՛ միգրացիոն տեղաշարժերի վերաբերյալ, էդքան բնակչության թվաքանակի գնահատականը, միջմարդահամարային ժամանակաշրջանում ավելի ճշգրիտ կլինի», - ասաց Կույումջյանը։

Ռուբեն Եգանյանը նկատում է, որ իր մասշտաբով վերջին տարիների համար աննախադեպ այս ուսումնասիրությունը, երբ հրապարկվի, արդեն ուշացած կլինի և չի արտահայտի արտագաղթի մեր օրերի իրական պատկերը։

«Դրա ակտուալությունը, հրատապությունն ինչ որ տեղ կորել է, նախ, բնականաբար, բոլոր հետազոտությունների հետ նման բան կատարվում է, ստեղ էլ ոչ էնքան բնականաբար, կատարվեցին արմատական փոփոխություններ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ: Դրա համար հետազոտության տվյալներն արտահայտում են այն երևույթները, որ կային նախորդ օրենսդրությամբ Ռուսաստանի, քանի որ մեր միգրացիոն հոսքերի գերակշիռ մասը Ռուսաստանի հետ է կատարվում», - փոխանցեց Եգանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG