Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են «որոշակի ազդեցություն ունենալ» Հայաստանի վրա


Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները «որոշակի ազդեցություն կարող են ունենալ» Հայաստանի վրա
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

Այսօր Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենան ռուսաստանյան ընկերությունների նկատմամաբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա:

Այս անգամ պատժամիջոցներ են սահմանվել «Գազպրոմբանկ» ու «Ռոսնեֆտ» ընկերությունների նկատմամբ:

«Կարծում եմ որոշակի ազդեցություն կարող է ունենալ», - ի պատասխան «Ազատության» հարցի՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Նախարարը, սակայն, խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ այդ պատժամիջոցները խոչընդոտեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությանը:

Պատժամիջոցների ցանկում է նաև «Գազպրոմբանկի» խմբին պատկանող և Հայաստանում գործունեություն ծավալող «Առեքսիմբանկը»։ «Ազատության» հարցմանն ի պատասխան «Առեքսիմբանկից» տեղեկացրին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն անդրադառնում «Գազպրոմբանկի» ֆինանսական կայունության և աշխատանքի անընդհատության վրա։

Հիշեցնենք, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված «Ռոսնեֆտ» ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան երբեմնի քիմիական հսկա «Նաիրիտ» գործարանով։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով «Ռոսնեֆտը» կվերանայի իր ծրագրերը։

«Թե ինչքանով դա կազդի Հայաստանի վրա, կսպասենք, առաջիկայում դրա հետ կապված ինչ-որ տեղեկություններ կստանանք, բայց որ կփոխվեն նրանց ծրագրերը, հաստատ, ես չեմ կասկածում: Նույն պրոբլեմը այս տարվա սկզբից արդեն ունի «Գազպրոմբանկը» Ռուսաստանում, ինչպես նաև բանկային համակարգի մի ուրիշ կարևորագույն խաղացող, ինչպիսին է «ՎՏԲ» բանկը, որը այսօրվա վիճակով Ռուսաստանում լուրջ պրոբլեմներ ունի: Դրա ազդեցությունն էլ մեր բանկային համակարգի վրա կլինի բացասական», - ասաց Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգում ռուսաստանյան կապիտալի առկայությունը, ինչպես նաև էներգետիկ բնագավառում ռուսաստանյան տնտեսությանը Հայաստանի ինտեգրվածությունը թույլ են տալիս ենթադրել, որ այդ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները բացասական հետևանքներ կունենան Հայաստանի համար։

Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ծրագրերի վրա, քանի որ Հայաստանի անդամակցության նպատակը՝ ԵՏՄ-ի հնարավոր առավելություններից օգտվելով՝ տնտեսության համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելն է։

«Բայց այսօրվա վիճակով, եթե այդ պատժամիջոցները իսկապես սկսեն գործել Ռուսաստանի նկատմամբ և քանի որ ԵՏՄ շարժիչ ուժը ինքը ռուսական տնտեսությունն է, դա բացասական ազդեցություն կունենա մեր բոլոր այն ծրագրերի վրա, որոնք կապված էին ԵՏՄ-ի շուկան որպես նոր շուկա դիտարկելով: Այս ծրագրերը երևի մոտ ապագայում իրականանալի չեն դառնա», - նշեց Խաչատրյանը:

«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը կարծում է, որ ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենան հայաստանյան տնտեսության վրա։

«Ամերիկյան սանկցիաների մեջ նշված է, որ դրանք տարածվում են նաև այն ընկերությունների վրա, որոնցում պատժամիջոցների ցուցակում հայտնված ընկերությունները ունեն 50 տոկոս և ավելի բաժնեմաս, իսկ Հայաստանում, էդ թվում նաև բանկային համակարգում, մենք գիտենք, որ շատ ընկերություններ կան, որ 50 և ավելի տոկոս բաժնեմաս ունեն», - ասաց Թունյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին հարյուրյակում զգալի մասը ռուսաստանյան կապիտալով ընկերություններ են, հետևաբար դրանց հնարավոր ներառումը պատժամիջոցների ցանկում էապես կազդի մեր տնտեսության վրա։

Բացի այդ, ըստ Բաբկեն Թունյանի, Ռուսաստանի տնտեսության վատթարացումը չի կարող չազդել այդ երկրից Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների վրա։ Պատժամիջոցների սահմանումը ցույց է տալիս, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում ավելի է մեծանում վնասներ կրելու հավանականությունը:

«Մենք էսօր խոսում ենք ԵՏՄ-ից ստացվող օգուտների մասին աբստրակտ ձևով, բայց ավելի առարկայորեն քննարկում ենք էն ռիսկերը, որ մենք կրելու ենք՝ ԱՀԿ-ի հետ, չգիտեմ, փոխհատուցման հարց, մաքսատուրքերը համապատասխանեցնելու բանակցություններ ու ամենազարմանալին այն է, որ այդքանից հետո էլ դեռ հարցական է, թե մեզ ուզում են տեսնել ԵՏՄ-ում, թե չեն ուզում», - ասաց տնտեսագետը՝ հավելելով, - Այսինքն՝ էնպես է ստացվել, որ մենք խնդրելով գնում մտնում ենք մի տեղ, որ մեզ տնտեսական վնասներ պիտի պատճառի»:

Այդուհանդերձ, ըստ Թունյանի, հասել ենք այնպիսի մի կետի, երբ ինչ-որ բան փոխելը դժվար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG