Մատչելիության հղումներ

Բագրատաշենի անցակետում կներդրվի «մեկ պատուհան» համակարգը


Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը
Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը

Հայաստանում էլեկտրոնային կառավարման հայեցակարգի կիրառման նպատակով Հայաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերում կներդրվի «մեկ պատուհան» համակարգը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի խոսքով՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրումն էապես կնպաստի էլեկտրոնային կառավարման ազգային համակարգի ձևավորմանը, ինչպես նաև նոր թափ կհաղորդի սահմանի կառավարման ոլորտում լայնածավալ բարեփոխումների ընթացքին։

«Եվրոպական միությունը մշտապես պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարությանը նախաձեռնված բարեփոխումների իրականացման հարցում և կիսել իր հարուստ փորձն էլեկտրոնային կառավարման և ազգային մակարդակում դրա բաղադրիչ տարրերի ներդրման ոլորտում՝ համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիական լուծումների և ընթացակարգային մոտեցումների կիրառմամբ», - հայտարարել է Հրիստեան այսօր Երևանում կայացած «Տեղեկատվական տեխնոլոգիաների և «մեկ պատուհան» համակարգի դերը էլեկտրոնային կառավարման հայեցակարգի ամբողջական իրականացման գործում» թեմայով աշխատաժողովի ժամանակ:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանն էլ ասել է, որ «մեկ պատուհան» համակարգի լիակատար ներդրման արդյունքում հնարավոր կլինի միասնականացնել, դյուրացնել և պարզեցնել պետական սահմանի անցման կետերում գործող սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելու համար գործառույթների կրկնությունները, անհարկի վերահսկողության կամ հսկողության իրականացումը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվում է 2013 թվականի դեկտեմբերից` Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորումը կազմում է 3 միլիոն 582 հազար 500 եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG