Մատչելիության հղումներ

Սոցապ նախարար․ 1000 դրամը առավելագույնն է


Սոցապ նախարար․ 1000 դրամը առավելագույնն է
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոստովանում է՝ 1000 դրամը առավելագույնն է, որով կառավարությունը կարող է օգնել աղքատներին՝ փոխհատուցելու էլեկտրաէներգիայի թանկացումը:

Այս մասին նախարարն ասաց այսօր՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում, միաժամանակ խուսափելով ուղղակի պատասխանել հարցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում գազի մոտ 20 տոկոս և էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոս թանկացումները, ինչպես նաև դրանով պայմանավորված ապրանքների ու ծառայությունների սպասվող հավելյալ թանկացումը արդյոք չեն տանո՞ւմ սոցիալական պայթյունի:

«Կառավարությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի մեղմի դրա հետևանքները առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների վրա: Առկա հնարավորությունների սահմաններում արվում է առավելագույնը: Շատ հստակ նշվել է, որ էլեկտրաէներգիայի թանկացման յուրաքանչյուր ընտանիքի ամսական սպառման վրա ազդելու է շուրջ 800 դրամի չափով, կառավարության կողմից առաջին քայլը եղել է սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների համար ամսական նպաստի չափը 1000 դրամով բարձրացնելը»,- ասաց նախարարը:

Արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք այդ 1000 դրամը նմա՞ն չէ ողորմության, Ասատրյանն ասաց․- «Իհարկե, ոչ: Ես այդպիսի մեկնաբանության հետ համաձայն չեմ»:

Հայաստանի իշխանությունների որոշումը՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ թանկացնել էլեկտրաէներգիան, լուրջ դժգոհության ալիք բարձրացրեց հանրությունում: Տնտեսագետների համոզմամբ, էներգակիրների նման կտրուկ թանկացումը անխուսափելիորեն կհանգեցնի բազմաթիվ այլ ապրանքների ու ծառայությունների գների հավելյալ բարձրացմանը: Մինչդեռ, միայն պաշտոնական տվյալներով, Հայաստանում աղքատ է բնակչության 1/3-րդը կամ մոտ 1 միլիոն մարդ:

Կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 1-ից նպաստների միջին ամսական չափը 29 350 դրամի փոխարեն կդառնա 30 350 դրամ: Գործադիրի հաշվարկով, ընտանիքները ամսական միջինը սպառում են ընդամենը 200 կվտ/ժ էլեկտրաէներգիա, և քանի որ օգոստոսի 1-ից հոսանքի գինը բարձրանում է 3.85 դրամով՝ 38-ից դառնալով 42 դրամ, ուստի հավելյալ պահանջվում է միայն 770 դրամ, սակայն իշխանությունները առատաձեռն են և հատկացրել են հազար դրամ:

Այսօր նախարարից հետաքրքրվեցինք՝ ստացվում է մնացած 230 դրամն էլ պետք է գա փոխհատուցելու էներգակիրների թանկացմամբ առաջացող հավելյալ գնաճը:

«Բնական է, որ մեր քաղաքացիների խնդիրների լուծումները առաջին հերթին պիտի լինի տնտեսական աճի ապահովման միջոցով»,- ասաց նախարարը:

Եվս մեկ հանգամանք․ կառավարությունը օգնելու է 105 հազար անապահով ընտանիքի կամ մոտ 400 հազար հոգու, մինչդեռ մեր երկրում աղքատ է առնվազն մեկ միլիոն մարդ: Ի՞նչ են անելու մնացած 600 հազարը:

«2014 թվականի հուլիսի 1-ից ավելացվում են նաև աշխատավարձերը: Շուրջ 230 հազար հանրային ծառայողների համար աշխատավարձի ավելացում և նվազագույն աշխատավարձի չափի աճ՝ շուրջ 11 տոկոսով, որը վերաբերում է բոլոր աշխատողներին: Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում մենք խնդիր ունենք մեր հասարակության բոլոր անդամների՝ թե աշխատողների, թե կենսաթոշակառուների, թե սոցիալապես անապահով ընտանիքների, գործազուրկների եկամուտները ավելացնելու»,- պատասխանեց նախարարը:

XS
SM
MD
LG