Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մտահոգել է տեղական արտադրողներին


Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ցույցը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: 1-ը հուլիսի, Երևան:
Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ցույցը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: 1-ը հուլիսի, Երևան:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը համոզված է, որ Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով առաջիկայում նաև որոշ ապրանքատեսակների գինը կբարձրանա:

«Մի հատ խոսք կա, չէ՞, ասում են արտը՝ խախուտ, մահանան՝ կարկուտ: Հենց մի փոքր տենց բան լինում ա, սկսում են բարձրացումներ անել: Դրա համար Կառավարությունը պետք է այնպիսի քաղաքականություն տանի, որ էներգակիրները մեզանում լինեն ցածր գնի վրա»,- ասաց Սաֆարյանը:

Սուրեն Բեկիրսկին, ով ղեկավարում է հագուստ և կտորեղեն արտադրող մի ձեռնարկություն, մտահոգված է՝ իրենց արտադրանքի գները բարձրացնել չեն կարող, որովհետև գնորդ կկորցնեն ու կսկսեն վնասով աշխատել, հետևաբար, հոսանքի սակագնի բարձրացումը նրանց համար լուրջ խնդիր է:

«Անցած տարվա հոսանքի արժեքի բարձրացումն արդեն լուրջ հարված էր մեր թիկունքին, արդեն կորցնում ենք ինչ-որ չափով մեր մրցակցային առավելությունները։ Այս տարի ևս տասը տոկոս: Ես կասեի, որ բավականին դժվար իրավիճակի մեջ ենք գտնվելու», - ասաց Բեկիրսկին:

«Ազատության» հարցին, թե ինչպես կմեկնաբանեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հավաստիացումները, թե հուլիսի 1-ից տնտեսությունը ստվերից դուրս է գալու, կես կատակ, կես լուրջ պատասխանեց միայն «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Բեկիրսկին:

«Ամառ ա, հուլիս ա, դուրսն արդեն շոգ ա, մենք էլ ստվերում երբևէ չենք եղել: Արևահարվում ենք՝ անկախ նոր ճնշումներից: Ես ինձ վրա առանձնապես նոր ճնշում չեմ զգացել: Թող մտածեն այն ընկերությունները, որոնք «նոր» պայմաններում են հայտնվել, եթե ստվերից դուրս գալու խնդիր կա», - ասաց գործարարը։

Բանախոսները մեծ հույսեր են կապում Կառավարության վերջին որոշման հետ, ըստ որի իջեցվելու է առևտրի ոլորտում գործող փոքր ու միջին ձեռնակությունների շրջանառության հարկը։ Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից 3.5 տոկոս կազմող շրջանառության հարկը նվազելու է մինչև մեկ տոկոս:

«Եթե Կառավարությունը հաստատի ու իսկապես շրջանառության հարկը իջնի՝ մարդիկ կկարողանան գոնե սեփական վաստակով գոյատևել», - վստահեցնում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը:

«Կառավարությունը այլևս նահանջելու տեղ չունի, որքան հարկային ճնշումը բարձր է, այնքան հարկային դաշտը փոքր է: Մենք ժամանակին 130 հազար մարդ ունեինք, որոնք և՛ կնիք ունեին, և՛ տնտեսվարողի կարգավիճակ, բայց դրանցից քանի՞ տոկոսն էին հարկ վճարում՝ բոլորդ էլ գիտեք»:

Իսկ առհասարակ, ըստ Բեկիրսկու, փոքր ու միջին ձեռնարկատերերին հարկավոր է մի շարք արտոնություններ տրամադրել: Այն ձեռնարկատերերն, ովքեր իրենց ապրանքն արտահանում են, մի շարք խնդիրներ ունեն, որոնց լուծման ուղղությամբ Կառավարությունը դեռ քայլեր չի ձեռնարկում: Դրանցից առաջինը, ըստ գործարարի, բեռնափոխադրումն է, հաջորդը՝ վարկերի բացակայությունը և այլն:

Բեկիրսկին փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու իր տարբերակն է առաջարկում. - «Ո'չ եկամտահարկ, ո'չ ավելացված արժեքի հարկ: Վճարի քո ծախսերը՝ հողի, բանի հարկերը վճարի ու` 5-7 տարի քեզ լգոտնի ռեժիմ: Ցույց կտա՞ս արդյունավետություն, կշարունակենք ու մի բան էլ կավելացնենք: Չի կարելի դաշտը կիսել․ փոքր, մեծ ու միջին: Եղբայր, մի հարկի, նորմալ դաշտ ստեղծեք ու արդեն ըստ աշխատանքի արդյունքների փորձեք սրան խրախուսեք, սրան պրեսը շատացրեք», - առաջարկում է «Տոսպ» ընկերության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG