Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կշարունակի ուկրաինական ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիներ փնտրել


ԵՄ-ն կշարունակի ուկրաինական ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիներ փնտրել
please wait

No media source currently available

0:00 0:02:50 0:00

Գերմանիայի կանցլերը չի բացառել նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ։

Ուկրաինական ճգնաժամն այսօր բեռլինյան քննարկումների կենտրոնում է:

Այսօր արդեն իսկ կայացել են Գերմանի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի հետ, ավելի ուշ ակնկալվում է, որ ճգնաժամի լուծման ուղիները կքննարկեն չորս արտգործնախարարների ձևաչափով, որին կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Մերկել-Ռասմուսեն բանակցություններին հետևած մամուլի ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք շարունակելու են ուկրաինական ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիներ որոնել:

«Մինչդեռ իրավիճակը Ուկրաինայում շատ մտահոգիչ է մեզ համար»,- հայտարարել է Մերկելը՝ հավելելով.- «Ցավոք սրտի, տասնօրյա միակողմիանի հրադադրը, որ հայտարարել էր Ուկրաինայի նախագահը նշանակալի ազդեցություն չունեցավ Պորոշենկոյի խաղաղ ծրագիրն իրագործելու հարցում և անջատողականները չընդունեցին այն»:

Գերմանիայի կանցլերը նաև չի բացառել նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ, հավելելով, սակայն, որ այս հարցով քննարկումները շարունակվում են և որևէ կոնկրետ որոշում դեռ չկա:

Գերմանիայի կանցլերը իր խոսքում մի ուշագրավ հայտարարություն է արել՝ հիշատակելով Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածը, նշելով, որ Ռասմուսենի հետ քննարկել են ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների անվտանգության հարցը, մասնավորապես, այն հանգամանքը, որ դաշինքի անդամ որոշ երկրներ սպառնալիքի և անապահովության զգացում ունեն ուկրաինական իրադարձությունների` այդ երկրի տարածքային ամբողջականության խախտման կապակցությամբ:

«Դա հատկապես վերաբերում է բալթյան երկրներին, սակայն նաև այնպիսի երկրներին, ինչպիսին Լեհաստանն է»,- հայտարարել է Մերկելը՝ հավելելով.- «Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք ապահովել նրանց անվտանգությունը: Ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ 5-րդ հոդվածը, որով մենք երաշխավորում ենք անդամ երկրների անվտանգությունը` վավեր է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների համար»:

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները սպառնում են այն խաղաղությանն ու անվտանգությանը, որ իրենք կառուցել են Բեռլինի պատի անկումից հետո:

«Թույլ տվեք ինձ շեշտել` ոչ ոք չի ցանկանում վերադառնալ սառը պատերազի Եվրոպա: Մենք չենք կարող նոր բաժանարար գծեր ունենալ մեր տարածաշրջանում: Այդ պատճառով ես կոչ եմ անում Ռուսաստանին հետ քաշվել իր բռնած ուղուց և սկսել իր կոտրած վստահությունը վերականգնելու երկար գործընթացը»,- ասել է նա։

XS
SM
MD
LG