Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հուլիսի 4-ին կհանդիպեն Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները:
1/8 եզրափակիչում Ֆրանսիան ու Գերմանիան երեկ 2:0 և 2:1 հաշիվներով առավելության հասան համապատասխանաբար Նիգերիայի և Ալժիրի հավաքականների նկատմամբ:
Եվրոպական երկու թիմերն էլ դժվարությամբ կարողացան հասնել հաղթանակի՝ Ֆրանսիայի և Նիգերիայի հանդիպման առաջին գոլը գրանցվեց միայն 79-րդ րոպեին, երկրորդը՝ հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին, իսկ Գերմանիա - Ալժիր խաղում գոլեր արձանագրվեցին միայն լրացուցիչ ժամանակում՝ գերմանացիների խփած երկու գնդակից հետո ալժիրցիներին վերջին վայրկյաններին հաջողվեց սոսկ կրճատել հաշվի տարբերությունը:
Այսօր Արգենտինա - Շվեյցարիա և Բելգիա - ԱՄՆ հանդիպումներով կավարտվի առաջնության 1/8 եզրափակիչ փուլը: