Մատչելիության հղումներ

ԱԺ-ում ցանկանում են խստացնել լրագրողների հավատարմագրման կարգը


ԱԺ-ում ցանկանում են խստացնել լրագրողների հավատարմագրման կարգը
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը խստացնելու նախաձեռնությամբ։

Փաստորեն Սահակյանը որոշել է Հովիկ Աբրահամյանից հեռուն գնալ. «լուրջ մամուլ ձևավորելու համար» հավատարմագրման նոր կարգի միջոցով ուզում է «հնարավորություն ստեղծել, որպեսզի և՛ ոլորտը զարգացում ապրի, և՛ չխոչընդոտի պատգամավորի աշխատանքը»։

ԱԺ-ի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը խախտեց տարիների ավանդույթը՝ պատգամավորներից առանձնացրեց նիստերի դահլիճում աշխատող լրագրողներին, բացառությամբ նիստերի օրերի՝ արգելեց նրանց մուտքը խորհրդարան։ Գալուստ Սահակյանն էլ մտմտում է հավատարմագրման նոր կարգ սահմանման մասին։ Նախնական մտադրության համաձայն՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները հնարավորություն կունենան լուսաբանել խորհրդարանի աշխատանքները։

Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը ցավում է, որ պետական մարմինների մեջ համեմատաբար ամենաբացն աշխատող ԱԺ-ում անընդհատ փորձ է արվում սահմանափակել լրագրողների ազատությունը։

«Բոլոր այն մտահոգությունները, որ հնչում են խորհրդարանում լրագրողների գործունեության հետ կապված, գուցե կարող էին ընդունելի լինել, եթե նախ և առաջ փորձ արվեր պայմանավորվել խմբագրությունների հետ։ Եթե խոսքը հագուստի մասին է, օրինակ, առաջարկվեր, որ լրագրողներ որոշակի պատշաճ հագուստով գային, այլ ոչ թե հատուկ կանոնակարգեին։ Եթե խորհրդարան են գալիս ոչ այնքան փորձառու լրագրողներ, դա էլ կարելի էր պայմանավորվել նախ և առաջ խմբագրությունների հետ։ Ամեն այսպիսի դեպքում ուզում ես հարց տալ՝ իսկ դուք նույն կանոնակարգումները ունե՞ք ձեր իսկ վերաբերյալ։ Հետաքրքիր է, թե ինչպես են լրագրողներից պահանջում, որ լինեն ավելին, քան իրենք են»,- ասաց Իսրայելյանը։

Գալուստ Սահակյանը չի թաքցրել՝ լրագրողների աշխատանքը շատ դեպքերում խանգարում է պատգամավորներին։

«Պատգամավորի անձն անձեռնմխելի է, դուք խախտում եք նրա անձեռնմխելիությունը և իրավունքներն»,- ասել է խորհրդարանի հանրապետական ղեկավարը։

Աննա Իսրայելյանը հիշեցրեց.- «Ցավով հայտնեմ իրենց, որ լրագրողները հենց նրա համար են, որ անհանգստացնեն, այլ ոչ թե հանգիստ հսկեն, թե դուք ինչպես եք ձեզ տրված համակարգչով տարբեր խաղեր խաղում, խաչբառ լուծում, այլ հիշեցնեն, որ դուք այդտեղ օրենսդրական գործունեություն ծավալելու համար եք»։

«Ա1+»-ի թղթակից Մհեր Արշակյանը, ով հանրապետական Մհեր Սեդրակյանին հարց ուղղելուց հետո արժանացել էր ծնոտից զրկվելու սպառնալիքներին, կարծում է՝ խորհրդարանի ղեկավարն «իրենց վարքով աչքի ընկածների ցանկությունն է իրականացնում»։

«Երբ հիշում ենք, թե ինչեր են նախորդել այդ նախագծին, այսինքն Մհեր Սեդրակյանի Շուշան Պետրոսյանի, Առաքել Մովսիսյանի հարձակումը լրագրողի վրա... հասկանում ենք, թե ինչն է դարձել օրենքի ծննդյան պատճառ։ Իրենք փոխանակ Մհեր Սեդրակյանին արգելեն մտնել Ազգային ժողով, արգելում են մտնել ԱԺ նրանց, ովքեր կարող են Սեդրակյանի ավելորդությունը ԱԺ-ում ցույց տալ»,- ասաց լրագրողը՝ հավելելով, որ նաև լրագրողների վճարած հարկերից աշխատավարձ ստացող պատգամավորները պարտավոր են հաշվետու լինել նրանց Հայաստանի ցանկացած կետում։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հավատարմագրման նոր կարգը դեռ նախաձեռնություն է, որը պատրաստվում են նաև լրատվամիջոցների հետ քննարկել։

«Պետք է պարզապես լրատվամիջոցները այնպիսի պրոֆեսիոնալ մարդիկ ուղարկեն Ազգային ժողով, որ և իրենց հեղինակությունը բարձրանա, և լրատվամիջոցի աշխատանքը լինի արդյունավետ։ Երբ համեմատում ենք անցած տարիների հետ, բավականին որակական անկում կա։ ԱԺ-ն պրակտիկայի տեղ չէ, որ գան փորձաշրջան անցնեն, բայց հատուկ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու խնդիր դրված չէ»,- ասաց Բաղդասարյանը՝ ընդունելով, որ ոչ միայն լրատվամիջոցների, այլև «քաղաքական տեսանկյունից անկում կա»։

Մհեր Արշակյանի առաջարկում է կանխել նախաձեռնությունը, եթե, այնուամենայնիվ, իշխող Հանրապետականը ցանկությունն իրականություն դարձնի.- «Չեմ կարծում, որ քաղաքացիական շարժումներին հետաքրքիր է այն, ինչ տեղի է ունենում լրագրողների հետ։ Պետք է լրագրողները կամ հրաժարվեն ընդհանրապես հավատարմագրվել ԱԺ-ում, բայց ես չեմ բացառում, որ դա է նրանց ուզածը, կամ ուղղակի չենթարկվել նրանց որոշումներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG