Մատչելիության հղումներ

Համազեկուցողները քննարկել են մարտի 1-ի չբացահայտված սպանությունների հարցը


Համազեկուցողները քննարկել են մարտի 1-ի չբացահայտված սպանությունների հարցը
please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի հարցով համազեկուցողների հետ այսօր հանդիպման ընթացքում բարձրացրել է 2008 թվականի մարտի1-ի սպանությունները հարցը՝ զուգահեռներ անցկացնելով ուկրաինական իրադարձությունների հետ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընդգծել է, որ եթե ժամանակին մարտի 1-ի սպանությունների համար մեղավորները հայտնաբերված և պատժված լինեին, ապա Ուկրաինայում գուցե և չկրակեին անմեղ ցուցարարների վրա։
Նկատենք, որ խորհրդարանի ոչ իշխանական ուժերից միայն ՀԱԿ-ն է, որ այսօր բարձրացրել է մարտի 1-ի հարցը:

ՀԱԿ խմբակցության պատգամավորները ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին նաև պատմել են, որ թեև իշխանությունների հետ համաձայնության էին եկել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում, որը պետք է ուսումնասիրեր պետական մարմինների կողմից մարտի 1-ի հետաքննության պարտակումը, սակայն իշխող Հանրապետականն այդպես էլ խոստումը չի պահել:

Լևոն Զուրաբյանը համազեկուցողներին փոխանցել է, որ սա ևս մեկ անգամ վկայում է՝ մարտի 1-ի սպանություններն այդպես էլ չեն բացահայտվում իշխանության ամենավերին օղակների հրահանգով:

«Խորհրդարանական հանձնաժողովի մերժումը և գործի պարտակումը վկայում են այն մասին, որ հրամանի շղթան գնում է մինչև պետության վերին ղեկավարության օղակը։ Դա է պատճառը, որ այս գործը չի բացահայտվում։ Ասացինք, որ ծնողների անունից ենք նաև խոսում, որովհետև հանդիպումից առաջ նրանք մեզ դիմել էին և խնդրել էին իրենց ցավը բարձրացնել»,- ասաց Զուրաբյանը։

Մարտի 1-ի հարցից բացի, ՀԱԿ-ը նաև մանրամասն բացատրել է, թե ինչպես են Հայաստանում ընտրությունները կեղծվում, ինչպես են գոյություն չունեցող 700 հազար ընտրողների անունները ընդգրկվում ցուցակներում, ինչի հետևանքով Հայաստանում պարզապես հնարավոր չէ հասնել իշխանափոխության:

Աքսել Ֆիշերի և Ալան Միլի հետ հանդիպման ժամանակ Կոնգրեսի անդամները անդրադարձել են նաև քաղբանտարկյալների խնդրին, խոսքը տվյալ դեպքում, ըստ Զուրաբյանի, վերաբերում է անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանի և նրա հետ կալանավորված մյուս անձանց:

«Մենք ասացինք, որ ուշադիր հետևում ենք Շանթ Հարությունյանի և Վոլոդյա Ավետիսյանի գործերին, և ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակում մեր կարծիքը կհայտնենք, թե արդյոք նրանց գործերը համապատասխանում են Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված քաղբանտարկյալի մասին չափանիշներին»։

Ի դեպ, իրավապաշտպանների բնորոշմամբ 15 քաղբանտարկյալների հարցը համազեկուցողները բարձրացրել են նաև Դաշնակցության հետ հանդիպման ընթացքում, սակայն ինչպես տեղեկացրեց Արմեն Ռուստամյանը, իրենք այդ քաղբանտարկյալների մասին առաջին անգամ էին լսում: Ամեն դեպքում Ռուստամյանը Ֆիշերին և Միլին հիշեցրել է, որ նույն Եվրոպայի խորհուրդը քաղբանտարկյալի չափորոշիչներ է սահմանել, համաձայն որոնց համազեկուցողները կարող են որոշել՝ արդյոք Հայաստանի այդ քաղաքացիները քաղաքական բանտարկյալներ են, թե՝ ոչ:

«Անուն չեն տվել, պարզապես ինչ-որ 15 հոգու մասին ասացին, մենք էլ ասացինք՝ չափորոշիչները պետք է հստակ կիրառվեն, ուրեմն այդ չափորոշիչներով արձանագրեք՝ այդպես է, թե՝ ոչ»,- ասաց Ռուստամյանը։

Իշխող Հանրապետականը մինչդեռ պնդում է՝ Հայաստանում է քաղաքական բանտարկյալ չկա: ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանը մասնակցած հանրապետական պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ քաղբանտարկյալների ժամանակը վաղուց անցել է:

«Մեր երկրում չկան քաղբանտարկյալներ, Սովետական Միության կամ 37 թվի ժամանակները վաղուց անցել է»,- ասաց Սահակյանը։

Հայաստանի հարցով համազեկուցողները իշխող Հանրապետականի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են նաև մարտ1-ի հարցը, մասնավորապես, հետաքրքրվելով , թե ինչու չեն բացահայտվում տասը սպանությունները: Աքսել Ֆիշերը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ մարտի 1-ի հարցը քննարկելու են և խորհրդարանականների, և Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում:

«Ներկայացրեցինք Ազգային ժողովում ձևավորված ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը, այնուհետև Պետաիրավական հանձնաժողովում մոնիտորինգի ժամանակավոր հանձնաժողովը, որը պետք է հետևեր մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության կետերը իրականացնելուն։ Բացատրեցինք, որ քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, այս պահին խոսել ինչու չի բացահայտվում կամ ինչու է ուշանում, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ»,- ասաց Սահակյանը.- «Մենք որևէ պատճառաբանություն կամ նման դրսևորում ներկայացնելու խնդիր չունենք»։

Հավելենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները այս ամսվա վերջին ներկայացվելիք իրենց զեկույցում առանձին անդրադարձ են կատարելու նաև մարտ1-ի իրադարձություններին։
XS
SM
MD
LG