Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի համազեկուցողը անհանգստացած է Օսկանյանի հարցով


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը այսօր իր անհանգստությունն է հայտնել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «վիճահարույց քրեական մեղադրանքների» հիման վրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ:

«Սա հատկապես անհանգստացնող է` հաշվի առնելով այն համառ պնդումները, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքներում դեր են խաղացել քաղաքական դրդապատճառները», - ընդգծել է Ֆիշերը իր հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում։

«Եթե այդ պնդումները հաստատվեն, ապա դա կնշանակի հետքայլ վերջին մեկուկես տարվա ընթացքում արձանագրված` քաղաքական հարցերի կարգավորման դրական ուղուց», - հայտարարել է ԵԽԽՎ-ի համազեկուցողը եւ հավելել, որ նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով պարզաբանել Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքները, ինչպես նաեւ այն հիմքերը, որոնց հիման վրա խորհրդարանը նրան զրկել է անձեռնմխելիությունից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG