Մատչելիության հղումներ

Լրացավ Շահումյանի շրջանը հայաթափելու 22-րդ տարին


22 տարի առաջ այս օրը ռուսական բանակը սկսեց հայաթափել Շահումյանը
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
1992 թվականի հունիսի 13-ին՝ ուղիղ 22 տարի առաջ ռուսական բանակը ադրբեջանական ուժերի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսեց՝ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի բնակավայրերը հայաթափելու համար:

Մի քանի օր տևած գործողության հետևանքով շուրջ 17 հազար հայ բռնի տեղահանվեց, ևս 700 սպանվեց կամ անհետ կորավ, ավելի քան մեկ տասնյակ հայկական բնակավայրեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:

Գործողություն իրականացնում էր Գյանջայում տեղակայված ռուսական բանակի 23-րդ դիվիզիան՝ ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկայով՝ ներառյալ տանկեր, ուղղաթիռներ, մարտական ինքնաթիռներ:

Շահումյանի հայաթափմանը նվիրված այսօրվա միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր «Հունիսի 13» նախաձեռնությունը, Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերի մասնակից Էդիկ Մարկոսյանը պատմեց, որ գործողության նախօրեին՝ հետախուզական արշավի ժամանակ, անտառների մեջ տեսել է ռուսական զորքերի, ծանր սպառազինության մեծաթիվ կուտակումներ։

«Հետո նկատեցի, որ դրանք ռուսներ են, ոչ թե թուրքեր»,- ասաց Մարկոսյանը։

Մանրամասներ ներկայացրեց նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը.- «Մի օր որոշեցինք հակահարձակման անցնել, և այդ ժամանակ երևի մեր մոտից արտահոսք էր եղել, մեր մի վաշտին՝ թվով 80 մարդ, դիմավորեց այժմ գեներալ Շամանովի դեսանտային զորքերը, որտեղ մենք 80 զոհ տվեցինք, որից 21-ը «Արաբո»-ից»։

Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղում իր տունը թողած Գայանե Նահապետյանն ասաց, թե համագյուղացիներով՝ այդ թվում մանուկներ, ծերեր, գաղթի ճանապարհին չորս օր ստիպված են եղել անցկացնել անտառներում:

«Նույնիսկ երեխաներիս տեղը չգիտեի, քույրս էր տարել անտառ, հունիսի 14-ին, երբ թշնամին ռմբակոծեց Գյուլիստանը, արդեն այդ խառնաշփոթի մեջ գտա իմ երեխաներին։ Ճանապարհին կային մահացածներ։ Մեզ հետ տանում էինք 1-4 տարեկան քույր-եղբայրներիս վեց երեխաներին, իմ 8-9 տարեկան երկու երեխաներին և 73-ամյա տատիկիս։ Եղբայրս ու թոռը շալակած տանում էին տատիկիս։ Վերջապես հոգնում ենք, քեռիս ասում է՝ «ես մայրիկիս մոտ նստում եմ անտառում, մենք չենք կարող շարունակել, դուք գնացեք»։ Այդ լսելով հայրս նստում է ձին, գնում է անտառի միջից գտնում տատիկիս ու բերում։ Հորդառատ անձրև էր տեղում, մենք մտնում ենք եկեղեցի, որպեսզի չորանանք»,- պատմեց Նահապետյանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով գրանցել է շահումյանցիների հուշերը, ներկայացրեց հետևյալ պատմությունը.- «Գյուղապետը ամեն կերպ ջանում էր օգնել գյուղացիներին, ու երբ բոլորը փախան անտառ, ամենավերջինը ինքն էր իր ընտանիքի հետ՝ «Վիլիս»-ով գնացին, «Վիլիս»-ի մեջ մի տասը մարդ, և ռուսները փախչող, գնացող, իրենց պահանջը կատարող «Վիլիս»-ի վրա ուժեղ կրակ են բացում, «Վիլիս»-ի ամբողջ ժողովուրդը զոհվում է, ողջ է մնում մի 12 տարեկան, որը ընկնում է մեքենայից ու սողալով տակն է մտնում, ու ինքը հասկանում է, որ պիտի ձեն չհանի, որովհետև բոլորին սպանում են։ Ինքը հիմա արդեն 35 տարեկան տղա է, ասում է՝ ես «Վիլիս»-ի տակ էի, վախենում էի, հետո էդ զինվորները բարձրացան գիլասի ծառի վրա, գիլաս էին ուտում ասում՝ «ах какая вкусная черешня»»։

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը հիշեցրեց՝ 1992-ին այլևս Խորհրդային Միություն չկար, Մոսկվայում այլևս ռուսական իշխանություններն էին, որոնց ենթարկվում էին ռուսական զինված ուժերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG