Մատչելիության հղումներ

Հալեպահայերը օգնության կոչով դիմում են հայրենակիցներին


Հալեպահայերը օգնության կոչով դիմում են հայրենակիցներին
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00
Ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմի մեջ ապրող հալեպահայերը հիմա արդեն օգնության կոչով դիմում են հայրենակիցներին՝ ընդգծելով, որ երբեմնի բարգավաճ համայնքի գոյությունը վտանգված է։

Ռմբակոծությունների, պայթյունների տարափի տակ ապրող սիրիահայերը խմելու ջրի, սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեն։

Օգնության կոչն իր պաշտոնական էջում է տեղադրել նաև Սփյուռքի նախարարությունը՝ համայն հայությանը խնդրելով նյութական օգնություն ուղարկել Հալեպ։

«Ազատությանը» մեծ դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել հալեպահայ լրագրող Զարմիկ Պողիկյանի հետ։ Լրագրողն ասաց՝ տասն օր է խմելու ջուր չունեն, ջրի խողովակները վնասված են, ստիպված են հանքային ջուր խմել։ Եղած ջուրն էլ վնասակար է, թունավորումներ են եղել։

Հալեպում մնացած լրագրողն ասում է, որ վերջին շրջանում ապստամբների թիրախ են դարձել հատկապես քրիստոնեական թաղամասերը։ Ենթադրություններ կան, որ գրոհայինները հատուկ են նման մարտավարություն ընտրել, որպեսզի քրիստոնյաներին հեռացնեն իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Նման ենթադրությունների տեղիք են տալիս հատկապես հայաբնակ Նոր գյուղ թաղամասի ավերածությունները։

«Ընդհանրապես նման հրապարակումներ լինում են ծայրահեղականների կողմից, որ «պիտի հարձակվենք քրիստոնեական շրջանների վար, ջարդեր պիտի անենք» և այլն։ Բայց ոչ պաշտոնական հայտարարություններ են»,- ասաց Պողիկյանը։

Նոր գյուղ թաղամասը անցած տասն օրվա ընթացքում թաղամասը գրեթե հավասարեցվել է հողին։ Ավերվել են հայկական մշակութային օջախները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բազմաթիվ տներ։ Անցած շաբաթվա ընթացքում համայնքը երկու զոհ ունեցավ, տասնյակ վիրավորներ։

«Շատ ծանր է Հալեպի վիճակը»,- շեշտում է Պողիկյանը և «Ազատության» այն հարցին՝ եթե Հայաստանի կառավարությունը նրանց տարհանման առաջարկ անի, կընդունե՞ն, պատասխանում է.- «Անշուշտ, եթե հնարավորություն կլինի, կլինեն եկողներ, կան մարդիկ, ովքեր զրկվել են իրենց բնակարաններից»։

Անցած տարիներին, սակայն, Հայաստանի կառավարությունը սիրիահայերին թեկուզ ժամանակավոր տարհանելու որևէ ծրագիր չի հրապարակել։

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատության» հարցադրմանը, թե արդյոք ստեղծված իրավիճակը նախարարությանը թո՞ւյլ չի տալիս քայլեր ձեռնարկել սիրիահայերին տարհանելու համար, և չկա արդյոք նման անհրաժեշտությո՞ւն, ընդամենը արձագանքեց, որ նման հարցադրումները տեղին չեն ու իրականությունից կտրված են։

Այս ուղղությամբ առայժմ քայլեր չի ձեռնարկում նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, չնայած ՀՅԴ բյուրոն արդեն ընդունում է, որ Սիրիայի իշխանություններին իբրև ընդդիմություն հանդես եկող ուժերի թիրախը բացառապես հայաբնակ թաղամասերն են:

«Եթե նույնիսկ ռումբով և այլնով սպանվում էին, այնպես չէր, որ հատուկ թիրախավորված էր։ Բայց հիմա շատ հստակ է, երբ գիտեն, որ այդ շենքերում ապրողները հայեր են և այդ շենքերի վրա արդեն ռումբեր են գցում։ Տվյալներ կան, որ Թուրքիան ինչ-որ չափով դերակատար է այս գործընթացում»,- ասաց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմի հետևանքով ավելի քան 100 հայ է զոհվել, շուրջ 40 հազարն էլ հեռացել է իր տնից։
XS
SM
MD
LG