Մատչելիության հղումներ

Վեհափառ․ «Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում»


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
«Մերձավոր Արևելքի երկրները կարևոր դերակատարություն են ունեցել մեր պատմության մեջ, հատկապես` Սիրիան, որ անցյալ դարասկզբին Հայոց Ցեղասպանության դժվարին տարիներին իր դռները բացեց մեր զավակաց առջև և ողջունեց մեր ժողովրդի՝ խաղաղ կյանք կառուցելու ձգտումն ու ցանկությունը», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքներն սկսած «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդակցության ժամանակ:

«Մեր ժողովուրդը երախտագետ է արաբ ժողովրդին և աղոթքով է հիշում իսլամ ու քրիստոնյա հավատքի բազմաթիվ անձանց, ովքեր նեղության պահին օգնեցին հայերին», - ընդգծել է Վեհափառը:

«Մենք խորը ցավ ենք զգում ականատես լինելով Մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակվող ճգնաժամին: Պատերազմի չարիքը խլել է մեծաթիվ անմեղ մարդկային կյանքեր՝ անկախ տարիքից, սեռից ու կրոնական համոզումից: Այս իրականությունն ավելի ողբերգական է, երբ տեղի է ունենում 21-րդ դարի սկզբին, Քրիստոնեական երրորդ հազարամյակի արշալույսին, որին մարդկությունն սպասում էր, ակնկալելով, որ պիտի դառնա ազատության և արժանապատվության, ազգերի ինքնորոշման և մարդկային իրավունքների պաշտպանության ծաղկման և հանդուրժողականության դարաշրջան», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում: Բոլորովին վերջերս սպանվեցին կաթոլիկ քահանաներ և միանձնուհիներ, բռնի կերպով կրոնափոխ արվեցին քրիստոնեա ընտանիքներ, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Անտիոքի Պատրիարքության մեր երկու հոգևոր եղբայրները տևական ժամանակ գտնվում են գերության մեջ և նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է», - նշել է Վեհափառը՝ շարունակելով․ - «Այս տարվա գարնանը Սիրիայի Քեսաբի շրջանը, որ մեծ մասամբ կառուցվել և բնակեցվել է հայերի կողմից, Թուրքիայի աջկացությամբ և նրա բանակի անմիջական մասնակցությամբ գրավվեց արմատական խմբավորումների ձեռքով, իսկ այնտեղ ապրող խաղաղ բնակիչները արտաքսվեցին: Ներկայիս շարունակվում է Թուրքիայի աջակցությունը սիրիական ընդդիմադիրներին, որոնց կողմից ավերվում են հայկական թաղամասերը Հալեպում և Դամասկոսում: Թուրքիո այս քայլերը մեր ժողովուրդը իրավացիորեն գնահատում է որպես Ցեղասպանության քաղաքականության շարունակություն»:

«Մենք զորակցում ենք հակամարտությունները խաղաղ կարգավորելու բոլոր ջանքերին՝ դատապարտելով ցանկացած բռնարարք, որ իրականացվում է հանուն հավատքի և Աստծու անունից», - հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մեր ժողովուրդը բազմադարյա իր պատմության ընթացքում ճաշակելով պատերազմների և տարագրության դառնությունը, գիտի խաղաղության արժեքը: Այսօր, երբ կանգնած ենք 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հիշատակության հարյուրամյա տարելիցի նախաշեմին, կարող ենք հաստատել, որ չորս սերունդների հերթափոխը մոռացության չի մատնել մեր ժողովրդի կրած կորստի և տեղահանության ցավը: Այդ նույն ապրումներն ու զգացումները վերստին արձագանք գտան քսանհինգ տարի առաջ, երբ Ղարաբաղի հայերը հայտնվեցին իրենց հայրենի հողից արտաքսվելու վտանգի առջև», - ասել է Վեհափառ հայրապետը: - «Մեր ժողովուրդը հաստատուն է հակամարտությունները խաղաղ ճանապարհով վճռելու դիրքորոշման մեջ: Այսօր Ղարաբաղում մեր ժողովուրդը ազատության ու անկախության համար պայքարում է դիվանագիտական ճանապարհով, նույնիսկ երբ դեռ չենք հանդիպել հակառակ կողմի նույն հանդուրժող ոգուն: Նույն համատեքստում ցանկանում ենք անդրադառնալ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների մերժման փաստին: Արձանագրությունների՝ առանց նախապայմանների վավերացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև պիտի հաստատվեին բնականոն հարաբերություններ՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղ զարգացումների»:

«Խաղաղության ձգտումն ու համոզմունքը քրիստոնեական հավատքի ոգին է և բազմադարյա մեր ժառանգության արդյունք: Մենք ուրախ ենք, որ Սիրիայում ապրող քրիստոնյաների և պատերազմի դժվարությունները կրող բոլոր մարդկանց վիճակը կարեկցանքի և մարդասիրության դրսևորմամբ, խաղաղության հասնելու ձգտումով քննարկման առարկա է պետական և հասարակական տարբեր հարթակներում, այսօր նաև՝ այս սրահում», - նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է. - «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, Քրիստոնեական Եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում»:

«Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծավ մասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը»:

«Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա», - ընդգծել է Աբրահամյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդակցությունը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը:

Խորհրդակցության նպատակներին ու կարևորությանն է անդրադարձել նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը` ներկաներին փոխանցելով իր մտածումները Սիրիայում տիրող կացության և խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Ժողովականներին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անունից ողջունել է Վաշինգտոնի Պատվո արքեպիսկոպոս կարդինալ Թեոդոր Էդգար ՄըքՔարիքը: Անտիոքի և Համայն Արևելքի Իգնատիուս Աֆրեմ երկրորդ Պատրիարքի ուղերձը ներկաներին է փոխանցել արքեպիսկոպոս Դիոնիսիոս Ժան Կավաքը: Ողջույնի խոսքեր են փոխանցվել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ եկեղեցու, Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի անունից:

Երկօրյա խորհրդակցության նիստերի ընթացքում կքննարկվեն հետևյալ նյութերը` «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական Աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում և Սիրիայում և դրանց հեռանկարները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG