Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում զայրացած են Սերժ Սարգսյանի հայտարարությունից


«Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ»,- այս մասին Ստեփանակերտում հայտարարել են Ղարաբաղի քաղաքացիական ակտիվիստները՝ ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ։

Նրանք հավաքվել էին քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, որոնք տեղի են ունենում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին։

«Ազգային վերածնունդ» կուսակցության կազմակերպած այս քննարկման արդյունքում մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում նաև ԼՂ Ազգային ժողովին և նախագահին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումները Սերժ Սարգսյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չէ։

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում շատերի համբերության բաժակն է լցրել։

«Սերժ Սարգսյանը իր դիրքորոշմամբ ցույց տվեց, որ ղարաբաղյան խաղաքարտը նույնպես գոյություն չունի, իր համար Արցախը Հայաստանի մաս չէ։ Տվյալ դեպքում առաջանում են բազմաթիվ հարցեր. գոնե մեր իշխանական շրջապատում Ղարաբաղը որպես Սարգսյանի իշխանության աղբյուր դադարում է գոյություն ունենալուց»,- ասաց Խանումյանը։

Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում նույնպես կոշտ արձագանք գտավ, ինչը ստիպեց առանձին անհատների հանդես գալ Հայաստանի նախագահի դիտարկումները դատապարտող հայտարարություններով։

Հայաստանի նախագահի դիտարկումից հետո Լեռնային Ղարաբաղում սկսեցին ավելի հաճախ խոսել Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին, իսկ եթե ոչ՝ գոնե Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռազմավարական միության մասին պայմանագիր կնքել, ինչը թույլ կտա բացառել Ղարաբաղի ու Հայաստանի միջև որևէ բաժանարար գծի սահմանումը:

«Այս անորոշ վիճակը, որ 25 տարի գոյություն ունի, երբ Արցախը ոչ Հայաստանի մաս է ճանաչվում, ոչ էլ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետություն և հաստատում նրա հետ դիվանագիտական հարաբերություններ, բերեցին մի վիճակի, երբ արդեն լուրջ խնդիրներ են ծագում»,- ասաց Խանումյանը։
XS
SM
MD
LG