Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին՝ Աստանայում իր պահվածքի համար


Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհակալություն է հայտնում իր ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաևին` մեկ շաբաթ առաջ Աստանայի գագաթաժողովի ընթացքում ցուցաբերած պահվածքի համար: Այս մասին Ալիևը Նազարբաևին ասել է երեկ երեկոյան թուրքական ծովափնյա Բոդրում քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Երկու երկրների նախագահները Բոդրում էին ժամանել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Իլհամ Ալիևի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը տեղի է ունեցել դեռ մինչև համաժողովի պաշտոնական մեկնարկը:

Նախագահների հանդիպման մասին Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է․ - «Նախագահ Իլհամ Ալիևը իր և մեր ողջ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի` Հայաստանի ՄՄ անդամակցության վերաբերյալ մոտեցումներին աջակցելու համար»:


Անցած շաբաթ Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Իլհամ Ալիևի նամակն ուղղված Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներին: Այդ ուղերձում Ադրբեջանի ղեկավարը Մաքսային միության անդամ երեք պետություններից պահանջում էր Հայաստանի անդամակցության պարագայում կիրառել նույն այն սկզբունքը, որը գործել է մեր երկրի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ժամանակ: Ալիևը նկատի ուներ Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում՝ առանց Լեռնային Ղարաբաղի:



Աստանայում կայացած նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չէր հակադարձել Նազարբաևին` տեղի ունեցած դիվանագիտական միջադեպին անդրադառնալով դրանից միայն երկու օր անց` Ծաղկաձորում երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ժամանակ:

«Նազարբաևի հնչեցրածն իհարկե տհաճ էր, սակայն որևէ վնաս մեզ չի կարող տալ», -նշել էր Սարգսյանը:



Վերադառնալով Բոդրումի գագաթաժողովին նշենք, որ այն տևել է ընդամենը մի քանի ժամ և ակնկալվող գլխավոր առանցքային թեմային` թյուրքական պետությունների ազատ առևտրի գոտու ստեղծմանը, նախագահներն այդպես էլ չեն անդրադարձել:

Այս թեման հրատապ դարձավ Թյուրքալեզու պետությունների ղեկավարների` 2013-ի օգոստոսին ադրբեջանական Գաբալայում կայացած նախորդ համաժողովի ընթացքում: Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, սակայն, թե՛ այս տարի, և թե՛ Գաբալայում թյուրքալեզու պետությունները խուսափեցին թեմայի արծարծումից` հասկանալով, որ ազատ առևտրի թյուրքական գոտու ստեղծումը կարող է լրջորեն վտանգել Ռուսաստանի հովանու ներքո ընթացող ինտեգրացիոն ծրագրերի իրագործումը: Իսկ հայ հանրությունը Թյուրքալեզու պետությունների ղեկավարների Գաբալայի համաժողովի նկատմամբ որոշակի ուշադրություն ցուցաբերեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի սկանդալային հայտարարության պատճառով: Թուրքիայի նախագահը Գաբալայում հայտարարել էր, թե հույս ունի, որ՝ «Թյուրքալեզու պետությունների ղեկավարների հաջորդ համաժողովներից մեկը կկազմակերպվի Լեռնային Ղարաբաղում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG