Մատչելիության հղումներ

Եվրասիականին ՀՀ-ի անդամակցության հարցը կլուծվի «պետության շահերի շրջանակներում»


Եվրասիականին ՀՀ-ի անդամակցության հարցը կլուծվի «պետության շահերի շրջանակներում»
please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00

ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է՝ «իշխանությունները ի հաշիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշում չեն կայացնի»։

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի մեր պետության շահերի շրջանակներում, վստահեցրեց իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք Հայաստանը կհրաժարվի՞ Եվրասիական միությանը անդամակցելուց, եթե պայման դրվի, որ այդ միությանը Հայաստանը պետք է միանա առանց Ղարաբաղի:

Այդ մասին հինգշաբթի օրը Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովին խոսել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն առանց Լեռնային Ղարաբաղի:

«Ես կարծում եմ, որ Ալիևի նամակը չի ունենա ճակատագրական հետևանք Հայաստանի անդամակցության հարցում, և վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները ի հաշիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չեն կայացնում և չեն կայացնելու որևէ որոշում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական միությանը վստահաբար կլուծվի մեր պետական շահերի շրջանակներում՝ այն ժամկետներում, որ երեկ խոսեցին նախագահները Աստանայում»,- ասաց Աշոտյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նվաստացուցի՞չ էր այն իրավիճակը, երբ Ղազախստանի նախագահը Ղարաբաղի հարցում պայման էր դնում Հայաստանի առջև՝ ընդգծելով, որ չեն ուզում նեղացնել իրեն ադրբեջանցի գործընկերոջը, ՀՀԿ-ի փոխնախագահն ասաց՝ այդ ամենում որևէ նվաստացուցիչ բան չկար:

«Նվաստացուցիչ չէր ընդհանրապես, բացարձակապես։ Ի՞նչն էր նվաստացուցիչ... որը մարդը մարդուն նամա՞կ է գրել, իսկ երրորդ մարդը այդ նամակը ենթադրենք այդ պահին է լսում»,- ասաց Աշոտյանը։

Դիտարկմանը, թե Եվրասիական միության հետ որևէ առնչություն չունեցող պետությունը պայմաններ է թելադրում, Աշոտյանը արձագանքեց.- «Կարծում եմ, դուք ծայրահեղացնում եք, որովհետև «թելադրում է» արտահայտությունը Ալիևի նամակի վերաբերյալ տեղին չէ։ Երկրորդը, ես չեմ հիշում, դուք Ուորլիքի հայտարարության հետ կապված նման բուռն արձագանք տվե՞լ էիք»։

«Ես վստահ եմ, որ դուք մի տասը անգամ դիտել եք այդ տեսանյութը և վստահաբար ֆիքսել եք, թե ինչ ձևով և ինչ կերպով Ղազախստանի նախագահը մատուցեց Ադրբեջանի նախագահի նամակի այդ դրույթները»,- ասաց Աշոտյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո բացառո՞ւմ է, որ ճնշումների արդյունքում մաքսակետ կդրվի Ղարաբաղի և Հայաստանի միջև, Հանրապետականի փոխնախագահն ուշագրավ պատասխան տվեց՝ ասելով, թե որպես քաղաքացի բացառում է.- «Ես՝ ինքս բացառում եմ որպես քաղաքացի, որովհետև ես ճնշումներ չեմ տեսել»։

Մինչդեռ ոչ իշխանական ուժերը տարակուսած են Աստանայի գագաթնաժողովից. նրանք նվաստացուցիչ են համարում այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այսօր արդեն պաշտոնապես դիմել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի նա գա խորհրդարան և բացատրի՝ ինչո՞ւ Ասատանայում դեպքերի նման զարգացում տեղի ունեցավ, ինչպես նաև պարզաբանում պետք է տրվի Նազարբաևի խիստ մտահոգիչ հայտարարությունների վերաբերյալ:

Զոհրաբյանը հիշեցնում է՝ երբ Հայաստանը անսպասելիորեն որոշեց չստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որոշ Հանրապետական պատգամավորներ բացատրում էին, թե այդ համաձայնագրում դրույթ կա, համաձայն որի պետք է մաքսակետ դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև: Մինչդեռ երեկ Աստանայում բաց տեքստով ասվեց, որ Հայաստանը կարող է անդամակցել միությանը առանց Լեռնային Ղարաբաղի:

ԲՀԿ խմբակցության քարտուղարին հարցրեցինք՝ եթե Հայաստանի առջև այդ պայմանը դրվի, արդյոք պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի՞ Եվրասիական միությունից:

«Միանշանակ պարտավոր է հրաժարվել։ Ես ենթադրում եմ, որ սթափ տրամաբանությունը հուշում է, որ այդ կոնտեքստով պիտի տարվեին բանակցությունները, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Հայաստանի հետ միասին չմտնել այդ տարածք»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորների աչքից չի վրիպել այն հանգամանքը, թե ինչպես է անակնկալի գալիս Սերժ Սարգսյանը, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գագաթնաժողովի ընթացքում ներկայացնում է Իլհամ Ալիևի նամակը և նշում, որ Հայաստանը պետք է Եվրասիական միությանը անդամակցի առանց Ղարաբաղի: ԲՀԿ խմբակցության քարտուղարը այս իրավիճակի համար պատասխանատու է համարում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը:

«Անտարակույս էր, որ նախագահը անակնկալի եկավ։ Ես կարծում եմ՝ այստեղ պարզաբանումներ պիտի տան այն մարդիկ, ովքեր ըստ հավուր պատշաճի չեն իրազեկել, թե ինչ է հնարավոր սպասել այդ գագաթնաժողովում»,- ասաց Զոհրաբյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ընդգծեց՝ Աստանայի գագաթնաժողովը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը չի կարող իր երկրի շահը ներկայացնել, վաղուց Հայաստանը արտաքին քաղաքական օրակարգ չի թելադրում:

«Շատ վատ էի զգում Սերժ Սարգսյանի դիրքից, իր վարմունքից, իր խեղճությունից։ Սա անարժանապատիվ կեցվածք է, սա թրջված աշակերտի կեցվածք է։ Իր և այս երկրի համար հրաժարականը լավագույն միջոցն է»,- ասաց Մանուկյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղարին հարցրեցինք՝ Հայաստանը պե՞տք է հրաժարվի Եվրասիական միությունից, եթե Ղարաբաղի հարցում նախապայման է դրվում:

«Ես այն մարդը չեմ և այն քաղաքական ուժը չեմ, որ չիմանալով որևէ փաստաթղթի պայմանների մասին, կարծիք հայտնի»,- ասաց Մանուկյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ բնական է համարում, որը բոլորը, այդ թվում Եվրասիական միության անդամները պայմաններով են խոսում. յուրաքանչյուրը առաջնորդվում է իր շահով, պարզապես Հայաստանն էլ պետք է պաշտպանի իր շահերը, ասում է նա։

«Առաջնահերթ են Արցախի շահերը, թե ինչքանով Արցախը կլինի մեզ հետ, ինչքանով ընկալելի, ընդունելի կլինի մյուս պետությունների կողմից։ Ես այս պայմանները չեն բավարարում, ես կարծում եմ, մենք ինչ-որ տեղ վերանայելու խնդիրներ ունենք»,- ասաց Հակոբյանը։
XS
SM
MD
LG