Մատչելիության հղումներ

Հայաստանը մտադիր է Եվրասիական միության պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Աստանայի հանդիպման ժամանակ, լուսանկարը՝ նախագահականի
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Աստանայի հանդիպման ժամանակ, լուսանկարը՝ նախագահականի

Սերժ Սարգսյանը այդ մասին հայտարարել է Աստանայում, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հինգշաբթի օրը ստորագրեցին պայմանագիրը:

Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Աստանայում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

«Խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը», - իր ելույթում նշել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչներին, Եվրասիական հանձնաժողովին՝ խրթին հարցերի մասնագիտական մշակման համար, որը թույլ տվեց ամրագրել այսօրվա արդյունքները: Դա հնարավոր դարձավ նաև Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ»:

«Առաջնորդվելով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին միանալու վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման Հայաստանի նպատակամղվածությամբ՝ մենք ցուցաբերում ենք առավելագույն ճկունություն և կառուցողականություն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը և մանրամասնել․ - «Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ մեր շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015 թվականի հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Երկրորդ՝ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս»:

«Նկատի առնելով վերոնշյալը և հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին», - ասել է Հայաստանի նախագահը:

«Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը մեկնակետ կլինի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ նաև դրա միաժամանակյա ընդլայնման համար: Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նաև շնորհավորել է Մաքսային միության պետությունների ղեկավարներին՝ «Եվրասիական տնտեսական միության ստեղծման կարևոր սահմանագծին հասնելու կապակցությամբ, մի միավորում, որը, վստահ եմ, շատ հարցերում կկանխորոշի դրա կազմ մտնող երկրների հետագա զարգացումը», ասել է նա և ընդգծել, որ «այս ամենը հնարավոր չէր լինի առանց պետությունների ղեկավարների քաղաքական կամքի, առանց Եվրասիականության այն տեսլականի, որը դրված է այդ ինտեգրացիոն մոդելի հիմքում»:

Աստանայում նախ տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նեղ կազմով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ, ապա նրանց են միացել Հայաստանի և Ղրղըզստանի նախագահները:

Ավելի ուշ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Ղրղըզստանը, ինչպես Աստանայում հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ակնկալում է Եվրասիական միությանը անդամակցել մինչև տարեվերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG