Մատչելիության հղումներ

«Բարև Երևանը» կառաջարկի չեղյալ համարել Միկոյանի արձանը կանգնեցնելու որոշումը


«Բարև Երևանը» կառաջարկի չեղյալ համարել Միկոյանի արձանը կանգնեցնելու որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00

«Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցությունը Երևանի ավագանու ուրբաթ օրվա նիստում հանդես է գալու հայտարարությամբ՝ առաջարկելով նոր նախագծով չեղյալ համարել ավագանու ապրիլի 30-ի որոշումը՝ Երևանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու մասին:

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ Միկոյանի հանցավոր գործունեության մասին վերջին օրերին բազմաթիվ փաստաթղթերի հրապարակումից և դժգոհության մեծ ալիքի բարձրացումից հետո ավագանին հետ կկանգնի այս որոշումից։

«Փոխվել է մթնոլորտը։ Իրենք չեն ուզում հրապարակավ ասել, որ շարունակում են կողմն մնալ։ Բազմաթիվ նյութերը՝ և էմոցիոնալ, և փաստական, պատմական նյութերը կարող են իրենց մոտ վերանայելու ցանկություն առաջացնել։ Եթե այդ քաղաքական որոշումը չկայացվի վերևում, ուրեմն հազար ամոթ»,- ասաց ավագանու անդամը։

Անահիտ Բախշյանն ասում է՝ քաղաքային իշխանությունները առանց համայնքի կարծիքը լսելու են որոշում կայացրել, ուստի իրենց հայտարարությանը կցելու են նաև փաստաթղթեր, մտավորականների ստորագրություններ: Նախաձեռնությանը միանալ-չմիանալով կերևա՝ ով ով է, հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Ապրիլի 30-ի որոշմանը կողմ են քվեարկել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, նախաձեռնությանը դեմ են արտահայտվել «Բարև Երևան» դաշինքը և Հանրապետական խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Հանրապետության նախագահը շատ լավ գիտի՝ ով է Միկոյանը։ Չեմ կարծում, որ սա Տարոն Մարգարյանի մտահղացումն է, սա մեր հերթական ստրկամտության արդյունք է»,- ասաց Բախշյանը։

Նա կտրականապես հերքեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հայտարարությունը, թե միայն կառավարության հաստատումից հետո որոշումը ուժի մեջ կմտնի.- «Երբ Երևանի ավագանին համաձայնություն է տալիս այս կամ այն արձանի տեղադրմանը, վերջ, դա նշանակում է համաձայնությունը տվեց, մնում է իրականացնել։ Ընդամենը ի գիտություն գնում է կառավարություն, բայց կառավարությունը որևէ անգամ համաձայնություն-անհամաձայնություն չի հայտնում»։

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պնդելով, թե գործադիրն այս հարցում անելիք չունի:

«Քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդը, որը նայում է արձանների գեղարվեստական խնդիրները և ավագանին, որը որոշում է տեղադրել, թե՝ ոչ։ Այլ ընթացակարգ ինձ հայտնի չէ։ Այս պահին կա ավագանու որոշումը, եթե լրացուցիչ քննարկումներ չլինեն, մասնավորապես, Հանրային խորհուրդ և այլն, բայց այդպիսի ընթացակարգ չկա, սա գործադիրի գործառույթների մեջ չի մտնում»,- ասաց նախարարը։

Մինչ բոլշևիկ Միկոյանի արձանը ձուլարանում վերջին շտկումներն է ստանում, քաղաքական և գիտական շրջանակները շարունակում են քննարկել այս գործչի հակասական գործունեությունը:

Չնայած հղած հրավերներին, այսօր Երևանում կազմակերպված քննարկմանը չէին ներկայացել ավագանու ոչ Հանրապետական, ոչ էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները: Հավաքի մասնակիցներից միայն ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էր դրական խոսքեր հնչեցնում Միկոյանի հասցեին՝ շեշտելով, որ ինչպես ամեն մարդ, նա էլ ունի գործած սխալներ, բայց ստիպված է եղել բռնաճնշումների դիմել։

«Որ նա այդ ներքուստ, հոգով այդ քաղաքականությանը դեմ է եղել, ցույց տվեց այն հանգամանքը, որ նա Ստալինի մահից հետո քննադատեց Ստալինին։ Դրանից երևում էր, որ այն, ինչ արել է, իր կամքին հակառակ է եղել, հարկադրված է եղել։ Եթե դա չաներ, նրանք շարքից շուտ կհանեին։ Ես խիստ դեմ եմ նրան մեր ժողովրդի շարքից կտրելու, միայն Կրեմլ տանելուն»,- ասաց ակադեմիկոսը։

Այն, որ Ստալինի մահից հետո Միկոյանը քննադատել է նրան, վկայում է այդ գործչի պատեհապաշտության մասին, հակադարձեց խորհրդային շրջանի քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ ծիծաղելի որակելով հակափաստարկները, թե Միկոյանը նաև լավ գործեր է թողել։

«Աշխարհի ցանկացած սրիկա մեկ անգամ կամ տասը անգամ կարող է լավ բան անել»,- ասաց իրավապաշտպանը։
XS
SM
MD
LG