Մատչելիության հղումներ

Ազգագրագետ. Միկոյանը Նժդեհի թշնամին էր և հետապնդում էր նրան


Ազգագրագետ. Միկոյանը Նժդեհի թշնամին էր և հետապնդում էր նրան
please wait

No media source currently available

0:00 0:05:37 0:00

«Խայտառակություն, անընդունելի է» որակումների կողքին կարծիքներ են հնչում, որ գիտնականները պետք է համակողմանիորեն ուսումնասիրեն Միկոյանի արձանի տեղադրման հարցը։

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանը «խայտառակություն» է որակում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատականը, համաձայն որի խորհրդային տարիների պետական գործիչ Անաստաս Միկոյանի բացասական գործունեության կողքին պետք է հիշատակել նաև դրական փաստերը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք թույլատրելի՞ է Երևանի կենտրոնում կանգնեցնել մեկի արձանը, ում անունը բազմաթիվ անմեղ հայերի գնդակահարման հետ է կապվում, Հասմիկ Պողոսյանն ասաց, թե ինքը ցանկանում է, որ մենք մեր պատմական հիշողության մեջ պահենք միայն դրականը: Բացի այդ նախարարը անընդունելի է համարում քննարկել հայ մարդու գործունեությունը և թեմա բացել թշնամիների համար:

«Փորձենք բացասականը մոռանալ, դա եմ ուզում, որ լինի»,- ասել էր Պողոսյանը։

Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինքը՝ որպես քաղաքացի ցանկանում է տեսնել Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում, Հասմիկ Պողոսյանն ասաց, թե այդ հարցի պատասխանը պետք է տան գիտնականները՝ համակողմանի ուսումնասիրելով հարցը:

«Շատ կարևոր է գիտնականների եզրակացությունը այստեղ։ Պետք է բացասականի կողքին զուգահեռաբար դնել դրական փաստերը։ Եթե մենք ի վերջո ունենանք մի վիճակ, որն անհերքելի է, իհարկե... բայց նորից եմ ասում, ես, օրինակ, այդպես շուտափույթ եզրակացություններ չէի անի»,- ասաց մշակույթի նախարարը՝ նկատի ունենալով Միկոյանի կենսագրության վիճահարույց փաստերը։

Մինչդեռ ազգագրագետ Գայանե Շագոյանը անընդունելի է համարում նախարարի այս գնահատականները.- «Ես դա համարում եմ առնվազն խայտառակություն, որովհետև յուրաքանչյուր մտավորական մարդ, ես էլ չեմ ասում նախարար, պարտավոր է հաշվի նստել այն հազարավոր մարդկանց հետ, ովքեր իրենց դժբախտությունների մեջ մեղավոր են տեսնում Միկոյանին»։

Անդրադառնալով նախարարի այն պնդմանը, թե պատմաբանները պետք է գնահատեն Միկոյանի արձանի տեղադրման հարցը, ազգագրագետը համեմատություն անցկացրեց Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ, ըստ որի պատմաբանների հանձնաժողովը պետք է որոշի ցեղասպանությունը եղել է, թե՝ ոչ:

Ազգագրագետը «խայտառակություն» որակում է Միկոյանի արձանի տեղադրումը ընդհանրապես անկախ Հայաստանի համար, քանի որ Միկոյանը պայքարել է անկախ Հայաստանի դեմ, նա, ըստ Շագոյանի, այս տոնական օրը՝ մայիսի 28-ը, ի չիք դարձնողներից մեկն է եղել:

«Եթե այդ մարդու արձանն են ուզում կանգնեցնել, ուրեմն պետք նաև որոշենք՝ մենք ո՞ր օրն ենք տոնում, մայիսի 28-ը՝ Հայաստանի անկախության օրը, թե նոյեմբերի 29-ը՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը»,- ասում է Շագոյանը՝ բերելով բազմաթիվ փաստեր, որոնք վկայում եմ Միկոյանի հակահայկական գործունեության մասին.- «Նա այն մարդկանցից է, ով աշխատել այն ուղղությամբ, որ Կարմիր բանակը հայտնվի Երևանում, պայքարի Նժդեհի դեմ։ Նա այն մարդն է, ով ամեն ինչ արել է, որպեսզի Ղարաբաղը և նույնիսկ Զանգեզուրը հայտնվեն Ադրբեջանի կազմի մեջ։ Նա այն մարդն է, ով մեծացել է գնդակահարության ենթակա մարդկանց թիվը»։

Ազգագրագետի խոսքով՝ Միկոյանը ամեն ինչ արել է, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը հայտնվեն Ադրբեջանի կազմում, նաև անձամբ դեմ է արտահատվել Երևանում Ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցմանը: Ավելին՝ նա անընդունելի է համարել Ցեղասպանությունից հետո կազմավորված ինքնապաշտպանական ջոկատների գործունեությանը՝ պնդելով, որ պետք է կանգնել թուրք բոլշևիկների կողքին:

Ազգագրագետը ապշած է, որ իշխող Հանրապետականը, որն իրեն համարում է նժդեհյան գաղափարախոսության կրողը, այսօր ուզում է կանգնեցնել մի գործչի արձանը, ով Նժդեհի թշնամին է եղել և մինչև Նժդեհի կյանքի վերջը պայքարել է նրա դեմ:

«Պարզապես թշնամին էր և հետապնդում էր Նժդեհին։ Նրանք գաղափարական հակառակորդներ էին։ Սա այն հարցն է, որը քննարկման ենթակա չէ։ Սա նույնն է, որ որոշեն «Թալեաթը ճիշտ է այսքան մարդ է կոտորել, բայց երեք հոգու էլ փրկել է»։ Հիմա դա բավարար պատճառ է, որ Թալեաթի արձանը դնե՞ն»,- ասաց ազգագրագետը։

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը թեև սուր քննադատության չենթարկեց Միկոյանին, սակայն նրա համոզմամբ՝ այդ անձի մահարձանի տեղադրման հարցը ընդհանրապես չպետք է քննարկման առարկա դառնար, հատկապես, որ նրա արձանն արդեն տեղադրված է Սանահինում։ Որքան քիչ քննարկենք Միկոյանին, այնքան լավ, կարծում է պատմաբանը:

«Հիմա կան մարդիկ, որոնք մեր սրբություններն են, եթե անուններ բացահայտեմ և ասեմ, որ նրանք էլ գնդակահարության հետ գործ ունեն, շատ տգեղ պատմություն կստացվի։ Կարիք չկա նրանց անունները տալ, որովհետև դասական մարդկանց վրա ստվեր շպրտելը ճիշտ չէ։ Ես ցեխ շպրտելուն դեմ եմ։ Պետք է հասկանալ էպոխան»,- ասաց Մելքոնյանը։

Առավել ուշագրավ էր մեկ այլ պատմաբան Ռուբեն Սաֆրաստյան հնչեցրած գնահատականը: Թուրքագետի կարծիքով՝ Միկոյանի արձանի տեղադրումը դեռևս վաղ է.- «Կարծում եմ, դեռ մի քիչ վաղաժամ էր այդ հարցը քննարկելը։ Պետք է սերունդ անցնի, սերունդ փոխվի, որ մարդիկ զգացմունքներից ազատվեն»։
XS
SM
MD
LG