Մատչելիության հղումներ

Աստանայում չեն բացառվում Լուկաշենկոյի անակնկալները


Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Մինսկում, 29-ը ապրիլի, 2014թ․
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Մինսկում, 29-ը ապրիլի, 2014թ․

Բելառուսի նախագահը իր հիասթափությունն է հայտնել Ղազախստանի մայրաքաղաքում ստորագրվելիք փաստաթղթի տեքստից:

Մի քանի ժամից Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները եռակողմ համաձայնագիր կստորագրեն, որով կազդարարվի Եվրասիական տնտեսական միության ստեղծումը: Չի բացառվում սակայն, որ վերջին պահին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր, ոչ այնքան հաճելի անակնկալ մատուցի իր ռուս և ղազախստանցի գործընկերներին:

Երեկ երեկոյան Աստանա մեկնելուց առաջ Բելառուսի նախագահը Մինսկում խորհրդակցություն անցկացրեց կառավարության անդամների հետ` իր հիասթափությունը հայտնելով այն պայմանագրի տեքստից, որի տակ քիչ հետո պետք է դնի իր ստորագրությունը:

«Ցավոք սրտի, սա այն պայմանագիրը չէ, որն ակնկալում էր ստորագրել Բելառուսը: Սա այն պայմանագիրը չէ, որի մասին ի սկզբանե հայտարարում էին մեր գործընկերները՝ նախևառաջ Ռուսաստանի Դաշնությունը: Պայմանագիրը, որ մենք պետք է ստորագրենք, յուրատեսակ փոխզիջում է», - հայտարարեց Լուկաշենկոն` նշելով, որ մի շարք վիճահարույց հարցերի լուծումը դուրս է մնացել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրի դրույթներից:

«Ի սկզբանե, մեզ խոստանում էին, որ երեք երկրների տնտեսությունները գործելու են միասնական կանոններով: Այժմ, սակայն, այդ խոստումը դրժում են», - նկատեց Լուկաշենկոն՝ շարունակելով․ - «Ինչ-որ բան հաշվարկեցին, հուզվեցին և որոշեցին, որ առանց բացառությունների և սահմանափակումների այս պայմանագիրը կազմել հնարավոր չէ: Սա է պատճառը, որ նավթի, գազի, դեղամիջոցների շուկաների ձևավորմանը վերաբերող մի շարք խնդիրներ տեղափոխվում են երկկողմ համագործակցության դաշտ»:

Բելառուսի նախագահի խոսքով, սակայն, երկկողմ դաշտում հիմնական խնդիրները Մոսկվայի հետ են:

«Կարծում եմ, որ Ղազախստանի հետ խնդիրներ չկան: Ռուսաստանի հետ ևս հարկավոր էր պայմանավորվածություններ ձեռք բերել մասնավորաբար նավթի մատակարումների, դրանց ծավալների հետ կապված, հարկավոր էր պայմանավորվել նաև մաքսատուրքերի փոխանցման մասին», - նշեց Լուկաշենկոն՝ անդրադառնալով Մինսկի և Մոսկվայի հարաբերություններում առկա թերևս ամենացավոտ խնդրին:

Խոսքը Բելառուսի տարածքում գործող նավթամշակման գործարաններում վերամշակված ռուսական նավթի դիմաց մաքսատուրքեր գանձելու պաշտոնական Մոսկվայի պահանջի մասին է: Լուկաշենկոյի խոսքով՝ Մոսկվան պահանջում է, որպեսզի ռուսական նավթի վերամշակումից հետո Ռուսաստանի պետբյուջե Բելառուսը փոխանցի տարեկան շուրջ 4 միլիարդ դոլար: Բելառուսի նախագահի պնդմամբ, սակայն, այդ պահանջն այնքան էլ տրամաբանական չէ: «Եթե մենք խոսում ենք լիարժեք տնտեսական միության մասին, ի՞նչ պահանջներ կարող են մեզ ներկայացվել: Մենք գնել ենք այդ ապրանքատեսակը, վերամշակել ենք, վաճառել ենք, դա մեր եկամուտն է», - ընդգծում է նա:

Չնայած առկա դժգոհություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատրաստվում արգելափակել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրի կնքումը: Բելառուսի նախագահը, սակայն, խոստանում է այսօր իր երկրի հատուկ կարծիքը կցել պայմանագրին` հստակորեն նշելով, թե ինչ դժգոհություններ ունի պաշտոնական Մինսկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG