Մատչելիության հղումներ

​Դոնեցկում առնվազն երեք տասնյակ ռուս անջատական է զոհվել


Ռուս զոհված անջատականների դիակները Դոնեցկի դիարանում, 27 մայիսի, 2014թ.
Ռուս զոհված անջատականների դիակները Դոնեցկի դիարանում, 27 մայիսի, 2014թ.

Մոսկվան Կիևից պահանջում է դադարեցնել գործողությունները հարավ-արևելքում:

Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում մոտ երկու ամիս տևող առճակատման ընթացքում, փաստորեն, առաջին անգամ են բախումներ եղել բուն Դոնեցկում։ Այդ այդ խոշոր քաղաքում ռազմական գործողություններին մասնակցել են մարտական օդանավեր և ուղղաթիռներ։

Դոնեցկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչների փոխանցմամբ` սպանվել է 30-35 անջատական։ Կա նաև հաղորդագրություն, որի համաձայն, զոհերի թիվը հասնում է հարյուրի։ Իհարկե, կան նաև բազմաթիվ վիրավորներ։ Կողմերի կորուստների վերաբերյալ պաշտոնապես հաստատված տվյալներ չեն հրապարակվել։

Անջատականները պնդում են, որ երկու ուկրաինական ուղղաթիռ են վայր գցել։ Այսօր առավոտյան Դոնեցկի օդանավակայանի տարածքում հրադադար է հաստատվել։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդել է, որ «զինվորականներն ամբողջությամբ հսկողության տակ են վերցրել օդանավակայանը, թշնամին ծանր կորուստներ է կրել, մենք կորուստներ չունենք»։

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ երեկ ռուս զինված անջատականները ներխուժել են օդանավակայան և պահանջել, որ անվտանգությունն ապահովող ուկրաինացի զինվորականները հեռանան։

Դոնեցկի «ժողովրդական հանրապետության» ինքնահռչակ ղեկավար Դենիս Պուշիլինը երեկ օգնության կոչով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուս ժողովրդին, ասելով, թե Դոնեցկը ծանր վիճակում է։

«Շատ արագ և ագրեսիվ զարգացող վերջին իրադարձությունների կապակցությամբ մենք ստիպված ենք դիմել անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Վլադիմիրովիչ Պուտինին, համայն ռուս ժողովրդին», - ասել է Պուշիլինը։

Արդեն այսօր նա, որևէ թիվ չհայտնելով, ասել է, թե ռուսական կողմը լուրջ կորուստներ ունի։

«Զոհվածների թիվը մեծ է, բավական մեծ: Մեր տղերքը պատրաստ էին գնալ մինչև վերջ և այդպես էլ արեցին: Մենք պարտավոր ենք շարունակել կռիվը և կհաղթենք», - ասել է Պուշիլինը։

Նրա փոխանցմամբ, ռուս ապստամբները պետք է փոխեն մարտավարությունը. - «Հաշվի առնելով երեկվա իրադարձությունները, մենք կվերախմբավորենք մեր ուժերը և, հավանաբար, կանցնենք մեր տարածքը մաքրելու ավելի ակտիվ փուլի»։

Այսօր Դոնեցկի բախումների մասին է խոսել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե Կիևի հաշվարկն այն է, որ մինչև Պետրո Պորոշենկոյի երդմնակալությունը լավ զինված բանակը` ազգային գվարդիայի, Աջ սեկտորի ու դրանց նմանների աջակցությամբ, կջախջախի հարավ-արևելքի դիմադրությունը և հաղթանակած կմտնի Դոնբաս, ապա դժվար թե դա կստեղծի Դոնեցկի շրջանում ջերմ ընդունելության արժանանալու պայմաններ», - ասել է Լավրովը։

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման հայտարարել է, որ «հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի մինչև Ուկրաինայի տարածքում վերջին ահաբեկչին չեզոքացնելը»։

Այսօր հատուկ ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Ուկրաինայից պահանջելով «անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունը երկրի արևելքում»։
XS
SM
MD
LG