Մատչելիության հղումներ

«Կրեմլը ընտրություններից հետո էլ կշարունակի ճնշումը Կիևի վրա»


Ուկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում ընտրությունների հաջորդ օրը,Կիև, 26-ը մայիսի, 2014թ.
Ուկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում ընտրությունների հաջորդ օրը,Կիև, 26-ը մայիսի, 2014թ.

Ռուսաստանի դիրքորոշման մեղմացումը վերլուծաբանները մարտավարական քայլ են համարում։

Ուկրաինայում նախագահական ընտրություններում հաղթել է մեծահարուստ Պետրո Պորոշենկոն։ Արևմուտքը ճանաչել է ընտրությունների արդյունքը, Ռուսաստանը նկատել է տվել, որ հարգանքով է վերաբերվում Ուկրաինայի ժողովրդի կամարտահայտությանը և պատրաստ է համագործակցել նոր իշխանությունների հետ։

Սակայն, ըստ արևմտյան քաղաքագետների, Կրեմլը մայիսի 25-ի ընտրություններից հետո էլ կշարունակի ճնշում բանեցնել Կիևի վրա։ Նրանց կարծիքով՝ ընտրություններն ինքնին չեն կարող անմիջապես խաղաղություն հաստատել, իսկ Ռուսաստանին հիմա ձեռնտու է, որ հարևան երկրի տարածքում պառակտումը շարունակվի։

«Ուկրաինայի անկայունությունը բխում է Ռուսաստանի ներկայիս ղեկավարների շահերից, ուկրաինական ընտրությունների արդյունքը ճանաչելը նրանց կողմից սոսկ մարտավարական քայլ է», - ասել է Մոսկվայի Քարնեգի վերլուծական կենտրոնի փորձագետ Մարիա Լիպմանը The Moscow Times պարբերականին։

Անցած օրերին Մոսկվան հետ է քաշել բանակը Ուկրաինայի սահմաններից՝ դա պարզաբանելով «ընտրությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միաժամանակ հավելել է, թե «շատ դժվար կլինի աշխատել մարդկանց հետ, ովքեր իշխանության են գալիս հարավարևելյան շրջանում պատժիչ գործողությունների իրականացման ընթացքում»։

Եվ ահա անմիջապես ընտրություններից առաջ Մոսկվան խոսում է Կիևի նոր իշխանության հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Փորձագետների կարծիքով, Կրեմլը մեղմում է կարծր դիրքորոշումը մասամբ Արևմուտքի կողմից նոր` ավելի ծանր պատժամիջոցների չենթարկվելու համար։ Բայց, միաժամանակ, Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Ուկրաինան մնա թույլ ու պառակտված, քանի որ այդպիսի երկիրը չի ստանա արևմտյան կառույցներին միանալու հնարավորություն։

Փորձագետների մեծ մասի կարծիքով, Մոսկվան հիմա մտադիր չէ նոր տարածքներ վերցնել Ուկրաինայում։

«Գերակայողն այն թեզն է, որ մենք գրավել ենք Ղրիմը, և հիմա դա բավարար է»,- ասել է ԱՊՀ-ի ինստիտուտի Ուկրաինայի հարցերով վերլուծաբան, Ռուսաստանի Պետական դումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Մոսկվան հստակ ցանկանում է, որ Ուկրաինան չտեղափոխվի Արևմուտքի ազդեցության գոտի և մնա Ռուսաստանի ազդեցության տարածքում», - ասել է վերլուծաբան Դմիտրի Օրեշկինը։

Իսկ Մարիա Լիպմանի համոզմամբ, Ուկրաինան չի կարող միանալ ոչ Եվրամիությանը և ոչ էլ ՆԱՏՕ-ին, քանի դեռ իր տարածքում ունի խոշոր առճակատում։

Օրեշկինի կարծիքով, Ռուսաստանը փոքր-ինչ թուլացրեց ճնշումը, երբ հավատաց, որ ուկրաինական ընտրությունների խափանման դեպքում Արևումտքն իսկապես կսահմանի սեկտորային պատժամիջոցներ։

«Ռուսաստանին այսպես կոչված «կիևյան խունտայի» փոխարեն օրինակարգ նախագահ է պետք` նրան ճնշումների ենթարկելու համար», - ասել է Օրեշկինը։

Ընտրություններից հետո հերթական հայտարարությունն է արել Ուկրաինայի գահընկեց արված և Դոնի Ռոստովում ապաստանած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

«Անկախ այն բանից, թե որ շրջանում ժողովրդի քանի տոկոսն է ընտրել, ես հարգում եմ ընտրությունը, որն արվել է հայրենիքի համար այս դժվար ժամանակաշրջանում», - ասել է Յանուկովիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG