Մատչելիության հղումներ

Զինվորի գլխին կրակոցի գործով դեռ որևէ ձերբակալված չկա


Զինվորի գլխին կրակոցի գործով դեռ որևէ ձերբակալված չկա
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Բանակում մոտ երկու շաբաթ առաջ հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Ներսես Կարապետյանի գործով մինչ օրս որևէ ձերբակալված չկա։

Իջևանի զորամասի մարտական հենակետում 19-ամյա զինվորի գլխին կրակելու գործով որևէ մեկը չի մեղադրվում, կասկածյալների շրջանակի մասին ոչինչ չի հաղորդվում։ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախաքննությունը շարունակվում է։ Նախարարությունից նաև տեղեկացանք, որ զորամասի որևէ պաշտոնյա չի ազատվել աշխատանքից։

Սա մայիսի 10-ի այն աղմկահարույց դեպքն է, որի հաջորդ օրը նախարար Սեյրան Օհանյանն անձամբ մեկնեց Իջևան՝ իրավիճակին տեղում ծանոթանալու։ Հետո հայտարարվեց, որ նախարարը հանձնարարել է հնարավորինս արագ աշխատել բացահայտման ուղղությամբ։ Թե ինչու 13 օր անց դեռ որևէ ձերբակալված չկա, պաշտպանության նախարարությունում հիմնավորում են, որ դեպքը խճճված է, իրականացվում է մանրակրկիտ մասնագիտական քննություն, շտապողականությունը կարող է միայն խանգարել հանգամանքների բացահայտմանը։

Զինվորի հարազատները, ովքեր զորամասի վարորդ Ներսեսի մահվան պատճառը հենց սկզբից համարում են 180 լիտր բենզինի կորուստը և խոսում են կոնկրետ պաշտոնյաների մասին, տարակուսած են ստեղծված իրավիճակից։ Հարցնում են՝ եթե ինքնասպանության վարկածը դատաբժշկական փորձաքննությամբ հերքվել է, մի՞թե այդքան դժվար է պարզել պատահական կրակոց էր, թե՝ դիտավորյալ սպանություն։ Քրեական գործը հարուցված է մարտական ծառայության կանոնները խախտելու հատկանիշներով։

Ընտանիքը մտավախություն ունի, որ հանցագործությունը ոչ թե բացահայտվում է, այլ թաքցվում։

«Համեմատության կարգով եթե մի որևէ ընկերության ամենացածր օղակում մի դեպք լինի, հինգ րոպե հետո տնօրենը արդեն գիտի այդ մասին։ Այսինքն նախարարը մի՞թե տեղյակ չէ ինչ է կատարվել, կամ եթե գնդում մի բան է կատարվել, գնդի հրամանատարը տեղյակ չէ՞, եթե ասում ենք վաշտի հրամանատարը անօրինական քայլեր է արել, մի՞թե տեղյակ չեն եղել ամենաբարձր օղակները։ Իհարկե, տեղյակ են եղել»,- «Ազատության» հետ զրույցում նշեց զինվորի հորեղբորորդին՝ Արտաշես Կարապետյանը։

«Կամ մեզ ասում են՝ այդ օրը այդտեղ եղել է 16 հոգի, կամ ինչ-որ մի քանակ, մի՞թե դժվար է այդ 16 հոգուն կամ 20 հոգուն հավաքել ու պարզել՝ ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել։ Այսինքն եթե պատահականություն էր, արդեն շատ հեշտ կպարզվեր, որ պատահականություն է եղել։ Ուրեմն արդեն մենք գնալով հակվում ենք այն մտքին, որ եղել է կանխամտածված սպանություն, հիմա էլ ծածկադմփոց է արվում»,- ասաց զինվորի հորեղբորորդին։

Ներսես Կարապետյանը գլխի շրջանում ծանր հրազենային վնասվածք էր ստացել մեկշաբաթյա արձակուրդից զորամաս վերադառնալուց երեք օր անց։ Հարազատների հավաստմամբ, նա մինչ այդ մորը պատմել է բենզինի պակասորդի մասին, պնդելով, որ ինքը որև է կապ չի ունեցել, սակայն վաշտի հրամանատարը իրենից է պահանջել կորած բենզինի գումարը։ Մահից հետո զինվորի ընկերը նրա հարազատներին իրենց զրույցի մասին է պատմել։

«Փաստորեն ինքը որ եկել է օտպուսկ [սպանվելուց մի շաբաթ առաջ], ասել է իր ընկերներին՝ «ինձ հատուկ ուղարկել են, որ ես գումար տանեմ»: «Բա ինչո՞ւ չես տանում», ասել է՝ «ես այդ վաշտի համար այնքան շատ բան եմ արել, ամբողջ վաշտը ես եմ ռեմոնտ արել, համ էլ՝ իրենք բոլորը գիտեն, որ մենք ինը երեխա ենք տանը, ես ո՞նց ախր իմ մամային ասեմ՝ փող տուր տանեմ։ Համ էլ շատ լավ գիտեն ով է բենզինը տարել, ինչո՞ւ են ինձանից ուզում, ես ինչի՞ ուրիշի գողացածի համար գումար տանեմ»»,- պատմեց Արտաշես Կարապետյանը։

«Ու տանը ոչինչ չի ասել, բայց ընկերոջը զգուշացրել է, ասել է՝ «ես կգնամ, կարող է հանկարծ խնդիրներ լինեն, դե ի՞նչ պիտի անեն, կարող է շատ-շատ երկու հատ խփեն, կզանգեմ էդ փողը կուղարկեք»։ Էդպես էլ ասել է, ասել են՝ խնդիր չկա։ Նույնիսկ ասել են՝ «տանք, տար փողը հետդ», ասել է՝ «չէ, հո ինձ դրա համար չե՞ն սպանելու... ես կգնամ, եթե խնդիր եղավ, կզանգեմ, գումարը կուղարկեք»։ Դեպքից երկու օր առաջ զանգել է իր եղբորը Մոսկվա, եղբայրն ասում է՝ «ինչքա՞ն փող է պետք, ասա ուղարկեմ փողը», ասում է՝ «չէ, 280 լիտր էր, 100-ը գտան, մնացել է 180-ը, դա էլ երևի երեք հոգու մեջ կբաշխեն, ոնց որ էդ հարցն էլ է լուծվում»... Ու երկու օր հետո, խնդրե՛մ, դեպքը եղավ»։

Մահացած զինվորի ընկերը, հարազատների հավաստմամբ, այս ամենը ասել է իր ցուցմունքներում։

Տարակուսանք հայտնելով, որ զորամասի բոլոր պաշտոնյաները մինչև այսօր շարունակում են աշխատել, հորաքույրը՝ Կարինե Կարապետյանն արձագանքեց.- «Բոլորը աշխատում են, երևի ինչ-որ մի երեխայի նորից նեղում են, բենզինի փող են ուզում։ Ես համոզված եմ և վստահ եմ, որ բենզինի պրոբլեմ է լինում այնտեղ միշտ, ու դնում են խեղճ ու կրակ զինվորների վրա»։

«Պրոբլեմը եղել է, միանշանակ»,- հավելեց հորեղբորորդին.- «Ուղղակի ես երևի թե միամտաբար չեմ ուզում հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է այն երկիրը, որտեղ հայը հայի վրա կարող է ձեռք բարձրացնել, այն էլ՝ Զինված ուժերում,ինչ-որ մի քանի կոպեկի համար... Դա ընդամենը մի քանի կոպեկի խնդիր է, 180 լիտր բենզինը եթե մենք վերածենք դրամի, կոպեկներ է ստացվում...»։

Զինվորի հարազատները պատասխանատուներից խնդրում են պարզաբանել, թե ի՞նչ է կատարվել իրականում, և ինչո՞ւ որևէ մեկը այս գործով պատասխանատվության չի ենթարկվում։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ սա հազվագյուտ դեպքերից է, երբ մահացած զինվորի ընտանիքը տիրապետում է որոշակի տեղեկատվության և հայտարարում է այդ մասին։

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր հայտնի է երկու դեպք, երբ նախարարը այցելել է դեպքի վայր։ Դա հայտնի, բավականին աղմկահարույց՝ Լյուքս Ստեփանյանի գործն է, և վերջին այս դեպքը Ներսես Կարապետյանի հետ կապված։ Փաստորեն, ի՞նչ ենք մենք արձանագրում, որ այդ այցերը ուղղակի ցուցադրական բնույթ են կրում, և նախարարի գովազդով է զբաղված այդ համակարգը» ,- նշեց իրավապաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ երկու շաբաթը՝ «անկասկած բավարար էր կասկածյալներին հայտնաբերելու համար»։

«Մենք տեսնում ենք, թե մյուս դեպքերով ինչ է կատարվում. ամբողջ զորամասի կեսին լցնում են ռազմական ոստիկանության բաժինները, ծեծելով, ջարդելով և այլ մեթոդներով ցուցմունքներ են վերցնում, այս դեպքում որևէ տեղեկատվություն չկա, թե ինչ է կատարվում և ինչ են անում։ Եվ սա ամբողջությամբ նախարարի պատասխանատվության տակ է»,- ընդգծեց Ալեքսանյանը։
XS
SM
MD
LG