Մատչելիության հղումներ

Ընտանիքը զինվորի մահվան պատճառը համարում է 180 լիտր բենզինի կորուստը


Ընտանիքը զինվորի մահվան պատճառը համարում է 180 լիտր բենզինի կորուստը
please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Բանակում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած 19- ամյա զինծառայող Ներսես Կարապետյանի ընտանիքը վիրավորված և վրդովված է։ Անցել է չորս օր, այս գործով դեռ ոչ ձերբակալվածներ կան, ոչ կասկածյալների մասին է խոսվում, ոչ էլ այս պահի դրությամբ զորամասի որևէ պաշտոնյա ազատվել է աշխատանքից։

Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննություն է ընթանում, սպասում են արդյունքներին։

Ներսես Կարապետյանին գլխից ծանր վիրավորված հայտնաբերել էին շաբաթ օրն առավոտյան, զորամասի մարտական հենակետում, Իջևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել էր։ Քրեական գործը հարուցվել է մարտական ծառայության կանոնները խախտելու հատկանիշներով։ Լայնորեն շրջանառվող վարկածներն են ինքնասպանությունը կամ պատահական կրակոցը։

Երիտասարդի ընտանիքը մտավախություն ունի, որ փորձ է արվում թաքցնել իրողությունը՝ սպանության վարկածը բացառելու և մեղավորներին չպատժելու համար։ Մայրը՝ Սուսաննա Հարոյանը պատմեց, որ դեպքից ժամեր անց հարևանների միջոցով իրենց փոխանցել են, թե Ներսեսն ինքնասպանություն է գործել։

«Եկան ասեցին՝ ինքնասպանություն, ասի՝ դուք գիժ ե՞ք, թե խելագար եք, ո՞նց կարա իմ էրեխեն ինքնասպանություն գործի։ Իմ երեխեն էնպիսի տղամարդ էր, որ... ուղղակի «ինքնասպանություն» բառի վրա ես խելագարվեցի։ Դա բացառված է, ես չգիտեմ իրենք ինչ են մտածում, բայց հազար ամոթ իրենց, հազար ամոթ»,- ասաց մայրը։

Հարազատների փոխանցմամբ՝ դատաբժիշկը ևս հերքել է ինքնասպանության վարկածը։ Հրազենային վնասվածքը եղել է Ներսեսի գլխի գագաթային մասում, կրակել են 20-25 սանտիմետր հեռավորությունից։

«Փողը կպած չի եղել գլխին, այսինքն ոնց էլ հաշվենք, եթե փողի երկարությունը մոտ 70 սանտիմետր է, գումարած 25 սանտիմետր էլ հեռավորությունը, այսինքն արդեն մոտ մեկ մետր է ստացվում հեռավորությունը, ձեռքը հաստատ չէր հասնի, ու այդ դիրքով ինքը չէր կարող ինքն իրեն կրակել ուղղակի»,- նշեց հարազատներից մեկը։

Մոտ 11 ամսվա զինծառայող Ներսես Կարապետյանը զորամասում վարորդ է եղել, ընտանիքը նրա մահը կապում է շաբաթներ առաջ զորամասում 180 լիտր բենզինի կորստի հետ։ Մայրը և հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը պատմում էին, որ բենզինի պակասորդ է գրանցվել, որ Ներսեսը դրա հետ որևէ կապ չի ունեցել, բայց վաշտի հրամանատարը նրանից է պահանջել կորած բենզինի գումարը։ Մայիսի սկզբին տղան մի քանի օր արձակուրդ է վերցրել, եկել տուն, մայիսի 6-ին վերադարձել է զորամաս և ընդամենը երեք օր հետո իմացել են նրա գլխին կրակելու մասին։

«Զանգում ասում էր՝ «մամ ջան, իմ վրա բենզին են գրել»։ Ասում էի՝ «բալես, դու դրանից տեղյա՞կ ես, դու բենզինից տեղյա՞կ ես, ինձ ճիշտն ասա», ասում էր՝ «մամ ջան, դու կհավատա՞ս , որ ես քեզ խաբեմ, ես դրանից բացարձակ տեղյակ չեմ»։ Էնքան են երեխուն գնում-գալիս վիրավորում, գնում-գալիս, հա ասում, շրխկացնում...»,- պատմում էր մայրը.- «Որ եկել էր, ամեն անգամ հարցնում էի՝ «բալա, բա ինչ եղա՞վ », ասում էր՝ «օֆ, մամա, ես չեմ հասկանում էս մարդկանց»։ Էնքան էին նադայել արել, որ երեխեն ջղայնացել, ասել էր՝ «դե զզվացնում եք, իմ հերն ու մերը ինը երեխա են պահում, ես ձեզ որտեղի՞ց բերեմ փող»։ Հետո գնալու օրը [արձակուրդից վերադառնալու] էդ մարդը եկել, ասել էր՝ «էսօր իմ տրամադրությունը բարձր է, ես չեմ ուզում իմ տրամադրությունը գցեմ քո պատճառով, ես վաղը քո հետ կխոսամ»։ Երեխեն էլ ասել էր՝ «բայց ես ի՞նչ եմ արել», ասել էր՝ «հենց էդ ա, դու ոչինչ չես արել, այ դրա համար»»։

«Փող չես բերել էլի, դրա համար»,- պարզաբանեց հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը.- «Դա արեցին, որպեսզի վախեցնեն մյուս զինվորների մայրերին, որ ձեր տղաներից փող են ուզում, արագ տվեք, թե չէ նույն ճակատագիրն է։ Որպեսզի բոլոր մայրերը վախենան, հենց իրենց տղան զանգի, փողը ուղարկեն»։

Հարցին, թե իրենց կարծիքով, ինչպե՞ս կարող էր գոյանալ այդ պակասորդը, հորաքույրը պատասխանեց. - «Ես չեմ կարող ասել, վերցնում են, վաճառում են, հենց ղեկավարները»։

«Իմ երեխեն, որ ջղայնացել էր, իրեն ասել էր՝ «դու գիտես, որ ես էդ բենզինից տեղյակ չեմ, և դու գիտես, էդ բենզինն ինչ է եղել»»,- նշեց մայրը.- «Շատ եմ խնդրում, երեխեքին խնայեք, ամոթ է, ամոթ, մենք թշնամիներով ենք շրջապատված, էսօր մեր ամեն մի էրեխուն դուք աչքի լույսի պես պիտի նայեք, բայց լաթի կտորի պես եք նայում... Ու հերիք է խոսեք արդարությունից, արդեն զզվել ենք էդ ձեր արդարություններից, ամոթ էլ է, ամոթ, արդարությունն ի՞նչ բան է ձեզ մոտ»։

Դեպքի հենց հաջորդ օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել էր Իջևան՝ դեպքի վայր, իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Ընտանիքը վիրավորված է, որ նախարարն իրենց չի այցելել։

«Ամեն օ՞ր է նա զինվոր կորցնում։ Նա չէր կարո՞ղ գար, զինվորի մորը մխիթարեր»,- հարցնում էր հորաքույրը՝ Նադյա Ղազարյանը,- «Հետո՞ ինչ, որ նախարար է, նախարարի տղան իրավունք ունի վայելելու, իսկ մեր մեծացրած անմեղ հրեշտակը գնա զոհվի, նախարարը չգա՞։ Այ դրանից ենք բոլորս զայրացած։ Դուք էդ զինվորով եք նախարար դարձել»։

Ընտանիքը ուզում է Սեյրան Օհանյանի պատասխանը լսել, թե ո՞րն էր 19-ամյա Ներսեսի մահվան պատճառը։
XS
SM
MD
LG