Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի «հաղթանակի» ծանր գինը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն Ղրիմի Սևաստոպոլ նավահանգստում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսությունների ժամանակ, 9-ը մայիսի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն Ղրիմի Սևաստոպոլ նավահանգստում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսությունների ժամանակ, 9-ը մայիսի, 2014թ․

«Երկարաժամկետ հեռանկարի առումով Ռուսաստանն իր վարկին մեծ վնաս է հասցրել», - համոզված են արևմտյան վերլուծաբանները:

Անցած մի քանի ամսում Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը, կարծես, միայն հաջողություններ է գրանցել, ընդ որում` գրեթե առանց կորուստների, սակայն, ըստ վերլուծաբանների, առաջիկա տարիների կտրվածքով միանգամայն ուրիշ իրավիճակ կլինի։

Մոսկվային հաջողվել է որոշ ժամանակով կանխել Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացը։ Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղրիմը բռնակցվել է։ Արևելյան Ուկրաինայի ապակայունացնող ռուս անջատականների գործողությունների արդյունքում Մոսկվան ստացել է Ուկրաինայի ներքին զարգացումներին է՛լ ավելի ակտիվ միջամտելու հնարավորություն։ Բայց այդ մարտավարական հաջողությունների գինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կարող է շատ թանկ և անտանելի դառնալ, եթե Արևմուտքը միավորվի և երկար ժամանակ ճնշում բանեցնի Մոսկվայի վրա:

«Երկարաժամկետ հեռանկարի առումով Ռուսաստանն իր վարկին մեծ վնաս է հասցրել, աշխարհում կորցրել է վստահելի գործընկերոջ կարգավիճակը, հիմա ունի ընդամենը մի քանի իրական գործընկեր և դաշնակից։ Ռուսաստանի նույնիսկ ամենահավատարիմ պաշտպաններն են ըմբռնել, որ այդ երկիրն այլևս երբեք չի լինի այնպիսի գործընկեր, ինչպիսին նրանք ենթադրում էին, որ պետք է լիներ», - ասել է «Քարնեգի Եվրոպա» վերլուծական կենտրոնի փորձագետ Յան Թեշաուն։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի միջազգային մեկուսացումը կխորանա։

Կարո՞ղ է Մոսկվան հաղթահարել այդ բարդությունը․ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Անդրեյ Ցիգանկովի կարծիքով՝ դա կախված է այն բանից, թե արդյոք Պուտինի ստեղծած պետությունն ունի՞ փոխվելու, արդիական դառնալու և կոռուպցիան արմատախիլ անելու ուժ, ինչն անհրաժեշտ է զարգացման ռեսուրսները հավաքելու և տնտեսությունը ճիշտ ճանապարհով տանելու համար: «Գոնե այսօրվա դրությամբ տնտեսությունը լճացման վիճակում է, հայտնի չէ, թե երբ կարող է ակտիվանալ», - ասել է պրոֆեսորը։

Յան Թեշաուի կարծիքով՝ եթե Արևմուտքը Ռուսաստանին ենթարկի սեկտորային պատժամիջոցների, ինչպես երկար տարիներ եղել է Իրանի պարագայում, ապա Ռուսաստանի համար հետևանքները շատ ավելի դրամատիկ կլինեն։

Բացի այդ, ուկրաինական ճգնաժամը Եվրոպային ստիպել է անհապաղ մշակել էներգակիրների հարցում Ռուսաստանից կախվածությանը վերջ տալու ծրագրեր:

«Դա չի լուծվի ոչ մի քանի ամսում, ոչ էլ մի քանի տարում, բայց երկարատև հեռանկարի կտրվածքով` երբ լուծվի, դա շատ ծանր կորուստ կլինի Ռուսաստանի համար», - նշել է Թեշաուն:

Մոսկվան պնդում է, որ ելքը Չինաստանի հետ կնքված պայմանագիրն է, որի համաձայն՝ ռուսները տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ են վաճառելու չինացիներին։ Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2012-ին Ռուսաստանը Եվրոպային վաճառել է երեքևկես անգամ ավելի շատ բնական գազ` 139 միլիարդ խորանարդ մետր։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Չինաստանը ռուսական գազի հազար խորանարդ մետրը գնելու է մոտ 350 դոլարով։ Սա բավական ցածր գին է, աննշան գերազանցում է ինքնարժեքը, պետական գանձարանը մեծ եկամուտ չի ստանա, ընդ որում՝ լավագույն դեպքում մատակարարումը կսկսվի միայն 2018 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG