Մատչելիության հղումներ

Քառյակը կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում կհայտնի


Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները հանրահավաք կանցկացնեն, օրը դեռ չեն որոշել։

Առաջին հարցը, որ շաբաթ օրը քննարկել են Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը փակ հանդիպման ժամանակ, կառավարութան ծրագրի շուրջ միասնական դիրքորոշման հարցն է:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ չորս ուժերի տեսակետները բավականին մոտ են և քվեարկության օրը կունենան միասնական դիրքորոշում:

Կառավարության ներկայացրած ծրագիրը կքննարկվի առաջիկա քառօրյայի ժամանակ:

Փակ դռների ետևում քննարկում է եղել նաև միասնական քաղաքական օրակարգի ձևավորման և հանրային միջոցառումների անցկացման շուրջ: Ըստ Զուրաբյանի՝ բուռն քննարկման արդյունքում որոշվել է մեկ շաբաթվա ընթացքում ձևավորել այդ օրակարգը և ընդհանուր պահանջների ցանկը, որը կներկայացվի իշխանությանը:

«Քառյակը որոշել է, որ կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում։ Այսինքն մենք որոշել ենք, որ կանցկացնենք հանրահավաք։ Թե երբ կլինի այդ հանրահավաքը, դեռ շարունակում է մնալ մեր քննարկումների առարկան»,- ասել է Զուրաբյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել քառյակը կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ, Զուրաբյանն ասել է, որ առաջիկայում չորս քաղաքական ուժերն այս հարցով կհրավիրեն արտահերթ նիստ:

Անդրադառնալով ՀՅ Դաշնակցություն խմբակցության այն նախաձեռնությանը, որով խմբակցությունը հրատապ է համարել ամբողջական համամասնական ընտրական համակարգին անցումը, Զուրաբյանն ասել է, որ այստեղ քառյակի մոտ լիարժեք միասնություն է:

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ մեծամասնական մանդատներով ընտրվում են այն մարդիկ, ովքեր ավելի շատ նպաստում են իշխանության վերարտադրմանը։

«Մենք համարում ենք, որ անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին, էական փոփոխություն կմտցնի Հայաստանում ժողովրդավարությանը աջակցելու առումով»,- ասել է Զուրաբյանը։
XS
SM
MD
LG